Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկու տարագրում աչքի առջև կապան այս վայրկյանիս և անկարելի է մերձեցում մը չընել այս երկարին մեջ. Հյուկոյին և Զոլային հեռացումը իրենց երկրեն. բայց բարոյական ի՛նչ մեծ հեռավորություն երկուքին մեջ։ Հյակոն շպարի, ոսկեզօծումի, մեկ բառով ռոմանթիք գրականության անմատչելի կատարը, անոր համար կստիպվեր թողուլ Ֆրանսան որովհետև իրեն խոստացված նախարարական պաշտոնը չէր կրցած իրեն տրվիլ և քինախնդիր բանաստեղծը օտար հողի մը վրա կերթար իր մաղձը, որ նորեն էն մաքուր ու նվիրական անուններով պիտի մկրտեր, թափելու իր Chatimentsներուն մեջ։

Զոլան՝ բնապաշտ դպրոցին գլուխը՝ իր հանգիստը, իր մեծ գիրքը, զինքը շրջապատող բոլոր համակրությունները առանց վարանելու ձգելու կը հոժարի, հանիրավի դատապարտված հրեայի մը անմեղությունը պաշտպանելու համար։ Այս է անբարոյական մարդը։

Ռոմանթիք և բնապաշտ դպրոցներուն բոլոր տարբերությունը այս երկու եզրերուն բաղդատությանը մեջն է։

Սիրտս տրտմությամբ լեցնող բանը սա է որ ճիշտ այն պահուն ուր բոլոր աշխարհ այս մեծ նկարագրին ու այս մեծ գրապետին գերեզմանին առջև կը խոնարհի, մենք կըլլանք միայն բացառությունը կազմողը. ոչ միայն այս մեծ քաղաքացիին գերեզմանին առջև կը ծիծաղինք, այլ ժամանակակից այս անվանի գրողը հասարակ թերթոնագիր մը անվանելու կելլենք։

Իրոք արգահատելի հասարակություն մըն ենք։