Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցուցնելով կը վրդովեր իրենց ի բնե խարխուլ պարկեշտությունը։ Հայերուն մեջ իբրև մերկապարանոց բաներ գրող ինծի կիյնաք այս մեղադրանքներուն ենթարկվելու պատիվը. և այսպեսով պզտիկ խնամություն մը ձևացած է միշտ իմ խոնարհ անձիս և մեծ գրագետին մեջ որուն սուպը կը պահե այսօր Ֆրանսան ամբողջ լուսավորյալ Եվրոպային հետ միասին։ Այս ազգականությունը որ չարդարանար՝ եթե ի նկատի առնենք արժանիքի տեսակետով երկուքնուս մեջ եղած մեծ անջրպետը, ստույգ ու վավերական պիտի ըլլար՝ եթե ամեն տեղ ստությունը ու կեղծիքը խորտակելու փափագը ունենալը միայն՝ բավական ըլլար ասոր։

Զոլայի եղերական վախճանը խորհրդավոր բան մը ունի իր մեջը. այս այն մահը չէ որ ճակատաբաց կուգա առջիդ իր գալուստը առաջուց իմացնելով և միջոց տալով քեզի որ պաշտպանես ինքզինքդ իրեն դեմ. ոչ, այլ լռության ու մութին մեջ հասնող մահն է որ իր ներկայությունը զգուշությամբ կը պահե և քնանալուդ կսպասե վրադ խոյանալու ու զքեզ չքացնելու համար, մեկ բառով, նենգությունն է, կեղծիքն է ան, որոնց դեմ Զոլա այնքան սաստկությամբ մաքառեցավ։ Նենգությունը հաղթող վերջ ի վերջո, հարկավ այս վհատեցուցիչ դասը չէ որ կը քաղեմ այս մեծ կորուստեն, բայց այս աղետը խորհրդանշանի մը պես կերևա աչքիս։

Ութը տարի առաջ երբոր պզտիկ հոդվածի մը ակամա ամփոփումին մեջ ստիպվեր էի տարտամ գիծերով միայն այս մեծ դեմքը ներկայացնել Մասիսի ընթերցողներուս, Զոլան իր գլուխգործոցը չէր գրած դեռ, այն հոյակապ արձակը որ «Կամբաստանեմ» կը կոչվի։ Իր բոլոր հատորներուն մեջ մեծ քաղաքացիս կը նշմարվեր միայն, ոչ ոք մտքեն կանցըներ որ ի հարկին երևան պիտի ելլար ան՝ այս քան ապշեցուցիչ արիությամբ մը և իր գրական «հավատամք»ը — միմիայն ճշմարտության «հավատամք» մը — սոսկ արդարության ու իրավունքի վերաբերող խնդրո մը մեջ ալ միևնույն անվեհերությամբ պիտի պոռար ամենուն երեսին։