Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոսկեզօծումներու, բեհեզներու, հպանի լանջերու ու սրունքներու աշխարհի մը կամ կիսաշխարհի մը մեջ, եթերային երաժշտության մը նվագներով ընդելուզված։ Ահա՛ Օլիմբիայի, Մառինլիի որվյուները, ուր գետինները թափված նրբամտություններեն, կատակներեն, զվարթություններեն կոխելու տեղ չկա։

Եվ ասոնց վրա իշխող տիրող լուրջ Երաժշտությունը և Արվեստը, Շալիափին ռուսիացի երգիչը Օփերայի մեջ ուր «Պոռիս Կոտունով» ռուսական օփերան չեմ գիտեր իր կատարելութենե՞ն թե ֆրանքևռուս դաշնակցության բերմունքովը ծափեր կը խլե. հոն՝ դուռներուն ու լայն աստիճաններուն վրա մարած, հատած, սպառած դեմքեր, սլավ ուսանողներու և ուսանողուհիներու հրեսներ՝ Էլեկտրական լույսի ողողումին տակ հանկարծ կը պայծառանան ու իսկույն կը շիջանին, նորեն պայծառանալու ու նորեն շիջանելու համար։ Անդին՝ Օփերա Քոմիքին մեջ՝ նորեն ռուսական օփերա մը, «Սնեկուրոչքա», միևնույն խանդը եթե ոչ տաղանդը, միևնույն ծափերր, ողջույնները։

Ու քիչ մը հեռուն՝ ծանրախոհ Թեաթր Ֆրանսեն, ալևոր հավը, թոռմած երեսներով քիչ մը, ալիքով ու պատիվով ծածկված, քիչ մը տրտմած, և Միրպոյի «Ֆուայյե»ն ներկայացնելու վճիռին տակ ճզմված։ «Ֆոլայյե»ն՝ որ կեղծիքին դիմակը մարդուն երեսեն վար քաշող, գետին նետող ու կոխկռտող շարժումն է, որուն՝ ընկերական պայմանադրությանը ժամադրավայրը եղող այս թատրոնին մեջ այսպես բռնի մուտքը այնքան ապշեցուցիչ է որքան պատվաբեր ֆրանսական դատարաններուն համար որ այս վճիռը արձակեցին, ամեն նախապաշարողները մեկդի ընելով։