Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ»

Վայելքը իր չափը ունի, որոշ սահմանե մը անդին հեշտությունը՝ տվայտանքի, մահացումի մը պես ցավագին բան մը կըլլա, անսովոր ճիչեր, աղաղակներ արձակել կուտա մարդուս։

Արվեստի գերագույն արտահայտությունները այս կարգեն են։ Այդ վերնագավառներուն մեջ՝ ուղեղային դրության պարտասումի աստիճան գրգռումը, արյան շրջաններու համախուժումը, ջիղեր ու տարապայման պրկումը կը միանան մղձավանջային, քնաշրջիկի, էսրարի ծոփերով ծանրացած մթնոլորտի մը, իրականեն, ապրված են ավելի վեր գոյություն մը — եթե ներելի է ինծի ալ նոր բառ մը կերտել — Գերակյանքը ստեղծելու համար։

Այդ գերակյանքը ապրեցանք մենք ուրբաթ գիշեր երեք ժամ շարունակ Վարիեթեի թատրոնին մեջ Պաքուի Աբելյան-Արմենյան տրամաթիք խումբի կողմե տրված ներկայացումին առթիվ։

Երեք չորս օրե ի վեր Թոքաթլյանի սրահին կիսակործան սյուներուն վրա փակցված համեստ ծանուցումներ այս խումբին գալուստը իմացուցեր էին մեզի։ Պզտիկ խմբակ մը որուն