Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՀԵՏԱՑԱԾ ՍԵՐՈՒՆԴ ՍԸ

ՊՈԼՍԱԿԱՆ ՎԵՊ


ՄԱՍՆ Ա

ՍԵԴՐԱՔ

Երեք ուսանող երիտասարդներ էին ասոնք, երեքն ալ զատ զատ գաղափարներու, զգացումներու և հատկությանց ներկայացուցիչ. այսօր և ոչ մին մնաց անոնցմե, մին մահը տարավ, մյուսը պանդխտությունը տարադրեց և երրորդին ոչ ոք դիտե ուր ըլլալը։ — Հետք ու հիշատակ չի թողացին, ո՞ւսկից եկան և ո՞ւր գացին ասոնք. ոչ ոք կրցավ երբեք իմանալ, բայց անոնց տարօրինակ կյանքեն քանի մը հատվածներ դեռ բերնե բերան կը դրուցվին։ Պարզ ու սրտահույզ է այս անհետացած երիտասարդաց վրայի ավանդությունը։

Երբ ուսանող կըսեմ, կերևակայեք անմիջապես քսակով թեթև, հույսով հարուստ, զվարթ, լքյալ, անտեր ու անհոհ էակ մը. ոչինչ ավելի հետաքրքիր է քան գոյությունն այս արարածին որ ուսման խստությունն իր անսպառ զվարթությամբ կը թեթևցնե, ու շատ անգամ անողոք ճակատագրի դառնության դեմ կը մաքառի։

Ընկերական արդի դիրքին մեջ ուսանողի կյանքն հատուկ գոյություն մ՛է խորին ուսումնասիրության արժանի, այս տարօրինակ կյանքն ընկերական պայքարին մեջ առաջին պատերազմի դաշտն է այսուհետև։