Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բղդեն ձեռքը ձգեց և հետ վերցրեց յերկու հատ 25-նոց։


— Ը՜... ը՜... Ը՜... խոսքը ծամծմոտեց կուչ ու հուպ գալով տանուտերը և արտասանեց.


— Քո ցավը տանի։


— Ուրեմն հիմի գնամ, տեսնեմ ի՞նչ գործի յե մեր ամբարդար Պապիկը, ասաց Բղդեն և տեղիցը վերկացավ, իսկ մինչև իմ գալս՝ դու ճաշի պատրաստություն տես, շատ քաղցած եմ։


— Հը, Պապիկ, ինչ գործի յես, հանկարծ շտեմարանի դուռը բաց արեց Բղդեն, ներս մտավ և վողջունեց յուր շտեմարանապետին։


Շտեմարաններ գյուղերումը չկան, նրանց փոխարինում են դատարկ սենյակները։


— Բարև, հազար բարի, աղա ջան, են ե, հա, ես գիշեր ջվալները կլցնեն, բերանները կարելուց կպրծնենք, եգուց կբարձեմ, ճանապարհ կդնեմ։


— Ավաղը խոշոր հո չի՞, սև հո չի՞։


— Յես բանական չե՞մ, հացակեր չեմ, աղա, խոշոր ու սև ավազը խառնեմ լսի նման սպիտակ ցորենին, վոր մտիկ տվողի աչքին յերևի։ Այ, գլխիդ մեռնեմ, թե չես հավատում, համեցեք քո բարի աչքովդ տես, ավագն իմ աչքի առաջին եմ մաղիլ տվել ու յերեք որ արևումը փռել, չորացրել. այ, ես մի շեղ, ցորենն ավազ խառնելու, յե, մեկելը խառնված պատրաստ ե, տես, կարողանում ես յերկու շեղջի ցորենները մեկս մեկից զանազանել։


— Ինչքան ես խառնուրդ անում։


— Ասենք՝ տասնին մեկ եմ խառնում, բայց այդ հաշիվ չի, մի բուռն ավազը տասը բուռը ցորենից ծանր ե, մեզ ել քաշն ե հարկավոր. ախար չե, կռվատեղը մեզնից քար ու կշիռքով են ստանում։


— Ի սեր աստծու, Պապիկ, ավելի չխառնես, կարող ե աչքի ընկնել, հետո հոտը վեր կլինի, մեզ համար ամոթ ե։


— Յես ի՞նչպես քո հացին կույր մտիկ կտամ, աղա ջան, գլուխս ավազի միջին թաղվի լավ չե, քան թե քո յերեսին մի սառը խոսք դիպչի:


— Ապրիս, ապրիս, առ քեզ համար մի արխալղացու։


Բղդեն մի հատ արծաթի նորաձույլ մանեթ յերեք մատի մեջ բռնած՝ մոտ կանչեց յուր ստորագրյալին ու լեզվով թաց արեց, փակցրեց նրա ճակատին։


— Ես քիչ ե, դեռ քանի եսպեսը պետք ե ինձանից ստանաս, Պապիկ, յեթե գործիդ արի ու հավատարիմ կենաս։