Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Յեղբայրս, գիտես ինչ ե. ամեն մի աման այնքան կտանի, ինչքան վոր իր ծավալն ե. յեթե մի փոքր ավելի ածես, կթափվի անշուշտ։ Դու հիմա ասա թե ամանը վոր արծաթի լինի, շատ կտանի. այդ ի՞նչպես կարելի յե: Մենք հիմա այնքան շատացել ենք, վոր մի տան, մի սուփրի վրա չենք տեղավորվում, մեկն ուտում ե, մյուսը քաղցած մնում. ինչպես կասեն՝ ով չուստ նա կուշտ: Մեկն ասում ե քո յերեխի բաժինը շատ ե, իմինը քիչ. լավ պատառները քո մարդին ես ուտեցնում։ Մեկը բեզրել ե շատ հաց թխելուց, մեկելի կռների գավը բռնում ե յերբ խմոր հունցելու նոբաթն իրան ե հասնում։ Յերբ վոր տան մեջ յես ու դու ելավ, իմ ու քու ելավ, ել այն տանն ինչ համ պիտի լինի։ Շարունակ քրթմնջյուն, շարունակ գանգատ։


Այս միջոցին տան վերի հարկում սարսափելի աղաղակներ լսվեցին։ Վեր բարձրացան տեսան, վոր մեծ ու փոքր տեգրակնանիքը իրար մազերից են բռնել քաշքշում, նրանց մարդիկն ել իրար ոձիքից։ Պատճառը յեղել եր այն, վոր մեծի յերեխան ծեծել եր փոքրի յերեխային, սրա մայրն ել ծեծող յերեխային, ծեծողի մայրն ել նրա մազերից եր բռնել, նա յել նրա, և այդպես բարձրացել եր մի ահագին աղմուկ։ Մյուս սենյակից դուրս եյին յեկել նրանց մարդիկը և կռվին միջամտելով իրար ոձիքից բռնել. տան բոլոր յերեխայքը վայնասուն եյին բարձրացրել։ Մյուս յերկու եղբայրները հազիվ կարողացան անջատել նրանց միմյանցից։ Սրա վրա բոլոր դրացիները հավաքվեցան հանդիսատես լինելու և ամենքն ել շատ ուրախացան և մեծ հաճույք զգացին այս աեսարանից։


Նախընթաց գլխի գործողությունը կատարվում եր մի մեծ ավանում, վոր իսկապես վոչ գյուղ եր, վոչ ել քաղաք, այլ յերկուսից մի խառնուրդ, մի գյուղաքաղաք։ Այդտեղ միևնույն գերդաստանի անդամները և յերկրագործ եյին, և այգեգործ, և արհեստավոր եյին, և վաճառական, և ուսում առած կրթված եյին և անուս գռեհիկ։ Այսպիսի մի գյուղաքաղաք ե Թիֆլիսից մոտիկ, Շուլավեր, ուր կա գավառապետ և հաշտարար դատավոր, հեռագրատուն և փոստատուն. ուր ինչպես հոյակապ տներն ու նահապետական խրճիթներն են միախառնված, այնպես ել մոթալ փափախն ու մոդնի շլապեքը, և այս միևնույն տան մեջ, այս, միևնույն տան մեջ դուք կտեսնեք աղա Մահմադ խանի, Վարանցովի և իշխան Դոնդուկովի ժամանակի տարազով հագուստներ: Յես որինակ բերի Շուլավերը, բայց մեր պատմած անցքը կատարվում եր Քաջենք ավանում: