Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բաժանվողները չորս յեղբայր եյին։ Նրանք ֆիզիկական զարգացումով, դեմքով և հասակով իրար նման եյին. քիչ թե շատ նման եյին և բնավորությամբ։ Բայց նման եյին մտավոր զարգացումով։ Ամենից փոքրը՝ Տիգրանը սանձարձակ արմատական եր. նրանից մեծը Արշակը ավելի փորձառու յեր և ճանաչում եր իր չափը. սրանից մեծը՝ Սմբատը ամենից զարգացածն եր և իր հեղինակությամբ ազդեցություն ուներ առաջին յերկուսի վրա. սրանից և ամենից ել մեծը՝ Ավագը հին գաղափարի մարդ եր։


Ավագն ու Սմբատը արդեն տարիքով մարդիկ եյին, մեկը 55, մյուսը 50 տարեկան։ Դեռ մյուս յերկուսը չեղած, սրանք մեծարել եյին միասին, բայց այնպես, ինչպես Հակոբն ու Յեսավը. մեկին հայրն ե յեղել սիրում և մյուսին մայրը. մոր սիրածը առաջ եր գնացել, հոր սիրածը հետ մնացել, և այս պատճառով ինչքան Սմբատը սիրում եր Ավագին, Ավագը յերբեք սիրո նշան չեր ցույց տալիս։ Նա մանկության նախանձը շարունակում եր և հասակն առած ժամանակ։ Յեղբոր հառաջադիմությունը նրան չեր ուրախացնում, այլ տխրեցնում եր, մանավանդ վոր վերջիվերջո հայրն ել Սմբատին եր սիրել և որհնությունը նրան եր տվել։ Յեթե ավելացնենք սրա վրա, վոր գրբացն ել ասել եր Ավագին, թե քո յեղբորից քեզ ոգուտ չկա, բացի վնասից, կարող ենք արդեն յերևակայել, թե այս բոլորը մի նախապաշարված մարդու վրա ինչ ազդեցություն կանե։


Ավագը պարապմունքով յերկրագործ եր, իր գութանի մահը չեր բաց թողնում և միշտ ասում եր. — Յես վոր չլինեմ, դուք բոլորդ քաղցած կկոտորվիք։ Արշակը այգին եր մշակում և արաղ ու գինի պատրաստում։ Սրա պարապմունքն ավելի արդյունավետ եր, տարեկան յերկու հազար մանեթի արաղ ու գինի յեր ծախում, բայց սա չեր ասում, վոր այդ իր աշխատանքն ե։ Տիգրանը ամենից փոքր լինելով մանկությունից յերես տված եր. սիրում եր ավելի ազատ կյանք վարել, «մեկ ուտում եր, ղրաղ ման գալիս»։ Սրա սիրած զբաղմունքը վորսորդությունն եր։ Շատ շնորհալի տակառագործ եր, սիրում եր և մեղվաբուծություն նորագույն ձևով. փեթակներն ել ինքն եր շինում շրջանակներով։ Բայց շատ չեր աշխատում, այլ գործ եր դնում այդ արհեստը իր զվարճության համար միայն։ Այսուամենայնիվ տան համար պետք յեղած բոլոր տակառներն ու չաները ինքն եր շինում։ Սմբատը մեր թափառական, բայց ընդունակ և արդեն հեղինակություն ձեռք բերած վարժապետներից մեկն եր։ Սա ինքն եր կրթել իր յերկու փոքր յեղբայրներին։ Նրանց ուսում տալուց հետո տվել եր և արհեստի։ Արշակը, վոր նույնպես գիտեր Տիգրանի արհեստը և ամենից աշխատասերն եր և յեռանդոտը, միշտ