Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջին ակնարկը յենթադրել ե տալիս, վոր հայ և թուրք գյուղացիների հարաբերությունները յեղել են բարեկամական:

Տնտեսական նման բարեկեցիկ վիճակի հետ են կապվում անշուշտ գյուղի ուրախություններն ու քեֆերը, վորոնց նկարագրությունը տալիս ե Աբովյանը։

«Հենց իմանաս թե յերկնքիցը մեկ ավետյաց ձեն ե յեկել, աշխարհքս արքայություն դառել, և Քանաքեռու խարաբեքն ել են ծափ տալիս, ենքան տղամարդ, ջահել տղերք, յերեխեք են տանիցը դուրս յեկել, քուչեքումն ու կտրներին քեֆ անում։ Ռհաթ խալխը, վո՛րը ծեռնաբռնուկ ե արել, պար գալիս, վո՛րը բոլորել, շուրջ նստել քեֆ անում, վո՛րը խաղ ե ասում, վո՛րը դամ քաշում։ Եստեղ զուռնեն ե փչում, ենտեղ ճզալախտի յեն խաղում, մյուս տեղ փահլևաններն կոխ, պրծնում, յա ղարաչիքը ֆալ բաց անում: Մանր տղերքն ել յա՛ ձնաթոփի յեն խաղում, յա՛ աչքակապուկ, յա՛ սալդաթի պես կռվում։ Դափի, զուռնի ձենն ու հարայ հրոցը աշխարհ են վերկալել»։

Չնայելով Քանաքեռը Յերևանի սարդարի անմիջական հսկողության տակ եր, բայց ավանդական քեֆերն ու ուրախությունները միանգամայն հնարավոր են յեղել հայ գյուղացիության համար:

Աբովյանի ոբյեկտիվ նկարագրությունն այդ ե ասում մեզ։

«Ամեն նավակատյաց վոչխար ասես, կով ասես, մորթում, մատաղ անում, ժամ, պատարագ անել տալիս, ժամոց բաժանում, տանով տեղով գնում իրանց սիրելյաց գերեզմաններն որհնել են տալիս ու աղքատներին կշտացնում»։

Տան ջահել աղջկերքն արձակ-համարձակ գնում եյին աղբյուրից ջուր բերելու, «յերկար ժամանակ ջրի վրա իրար հետ զրից տալուց հետո ել յեդ իրար հետ խոսելով, ծիծաղելով մեկն իրանց տուն գնում, մյուսն իրանց»:

Տան ջահել տղերքն ել, ամառվա հոգսերից ազատ, զբաղվում եյին տավարին խոտ տալով, մաքրելով կամ ջուրը տանելով, վոր հետո «հետը խաղ ասելով ել յեդ կապեն ու գնան տուն»։

Աբովյանը «Վերք Հայաստանի»-ի մեջ կենդանի գծերով պատկերացնում ե նաև հայ գյուղացու սովորությունները, հավատալիքները, նրա աշխատանքը, փակ տնտեսությունը, վերաբերմունքը դեպի քադաքը, դրամը։ Այդ նկարագրությունների մեջ յերևում ե և իր անհատը, հեղինակի դեմքը, վորը միանգամայն համամիտ ե գյուղացիների կարծիքին։