Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարելի յեր իսկույն նկատել, վոր տարիները դեռ չեյին տվել նրան այն պատանեկական հասունությունը, վոր հատուկ եր այդ հասակին, մանավանդ մի այնպիսի տաք յերկրում, ուր պատանիները խիստ վաղ այրանում են։ Ստեփանիկի դեմքը դեռ կրում եր իր վրա մանկական նուրբ քնքշություններ իրանց հրապուրիչ թարմությամբ: Խաչոյի բոլոր վորդիները դրսում իրանց առանձին պարապմունքները ունեյին, թե հողերի մշակության մեջ և թե անասունների դարմանելու մեջ, և խիստ հազիվ եյին տանը գտնվում։ Միայն Ստեփանիկն եր, վոր շատ փոքր եր մասնակցում նրանց աշխատություններին։ Նա Խաչոյի Հովսեփ գեղեցիկն եր, վորին ծերունի նահապետը չեր հեռացնում իր աչքից։


Ստեփանիկի և Հովսեփ-գեղեցկի մեջ կային շատ նմանություններ, վոչ այն պատճառով միայն, վոր նա Իսրայելի վորդու պես սիրուն եր, հեզ եր, խելացի յեր և համակրական եր,—այլ և այն պատճառով, վոր ինչպես Հովսեփի, այնպես ել Ստեփանիկի հագուստի և զարդարանքի վրա առանձին ուշադրություն եյին դարձնում։ Նրա հագին միշտ կարելի յեր տեսնել Հալեբի ծաղկավոր բեհեզից գույնզդույն գոլերով կարած պատմուճանը, վորի վրա հագած ուներ ծիրանի մահուդից պատրաստած թիկնոցը, վոր զարդարած եր վոսկի թելերով: Մեջքը պնդած եր Փիրմանի շալե գոտիով։ Լայն շալվարը պատրաստված եր Վանա նուրբ կերպասից։ Վոտներին հագած ուներ Արդրումի կարմիր կոշիկներ։ Գլխին ծածկած ուներ կարմիր ֆես մետաքսյա սև փունջով, վոր փաթաթած եր գունավոր տուրբանով նույնպես մետաքսյա նուրբ գործվածներից։ Ֆեսի տակից թափվել եյին նրա շագանակի գույն մազերը, վոր սփռվել եյին ուսերի վրա: Մի բանով միայն վորոշվում եր Հովսեփ-գեղեցկից, վոր Հովսեփի յեղբայրները նախանձվում եյին սիրված վորդու վրա, բայց Ստեփանիկի յեղբայրները բորորը սիրում եյին նրան։


Ծերունի Խաչոյի տունը Հեռվից բոլորովին հին և նախնական ամրոցի տպավորություն եր գործում։ Նա գտանվում եր մի բարձրավանդակի վրա, և թե իր շինվածքով, թե դիրքով, ուներ այն բոլոր հարմարությունները, վոր պետք եյին մի բնակություն ազատ պահելու համար արտաքին թշեամիներից։ Այդ ամրոցը պատած եր չորս ահագին պարիսպներով, վորոնք քառակուսի ձևով միմյանց հետ միանալով, թողնում եյին իրանց միջնավայրում բավական ընդարձակ տարածություն, վորի վրա կառուցված եյին զանազան շինություններ: Դրսից վոչինչ չեր կարելի տեսնել, բացի չորս բարձր աշտարակներից, վորոնք մի ացնում եյին պարիսպների չորս անկյունները: Ամրոցի շրջապարսպի մեջ զետեղված եյին բոլոր բռնակու-