Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տալով նրա տարածությանը ձվաձև կերպարանք։ Մեջ տեղից վոլոր-մոլոր պտույտներով անցնում եր Յեփրատի վտակը, վորին տեղացիք կոչում եյին Աղ-սու, այսինքն սպիտակ ջուր։ Նա այնքան մաքուր եր, վոր արժանի յեր այդ կոչմանը: Հովիտի կողմի սարերը պատած եյին ճոխ արոտամարգերով, վորոնք առատ սնունդ եյին տալիս այնտեղ արածող բաղմաթիվ անասունների հոտերին: Իսկ տափարակի ամբողջ հարթությունը պատած եր ցորենի, գարու, կտավաատի և զանազան ընդեղենների արտերով։ Այստեղ յերկրագործի աշխատող ձեռքը չեր թողել վոչ մի կտոր հող անմշակ։ Հովիտի մեջ, մինը մյուսից հեռու, գտանվում եյին միքանի հայաբնակ գյուղեր, վորոնք թագնված եյին այգիների և ձեռատունկ ծառերի մեջ և հեռվից նայողի աչքին ներկայանում եյին վորպես կանաչազարդ անտառիկներ, վորոնք առանձին թումբերով վորոշվում եյին տափարակի մերկությունից, վոր զուրկ եր ծառերից:


Հովիտի բոլորովին ծայրումն եր դրած Ո... գյուղը և գոգավորված ծորակի մեջ: Տանուտեր Խաչոյի բնակարանը — նրա իսկական անունը Խաչատուր եր — եր այն տներից մեկը, վոր թե իր մեծությամբ և թե հարստությամբ վորոշվում եր մյուսներից։ Այս ամեն առավոե քշում եյին դեպի նախիրը հարյուրի չափ անասուններ: Նրա կովերը, գոմեշները, յեզները և ձիաները եյին ամենաընտիրները ամբողջ գյուղի մեջ։ Այս տանն եյին պատկանում հազարի չափ վոչխարներ, վորոնք սեփական հովիվների հսկողության ներքո արածում եյին մերձակա լեռների վրա: Այդ տանն եր պատկանում այն ահագին ձիթհանը — ձեթ դուրս բերելու գործարանը,- վոր գտանվում եր գյուղի մեջ: Այս տանն եր պատկանում այն գեղեցիկ ջրաղացը, վոր գտանվում եր գյուղից դուրս, վորի անիվները տարվա բոլոր յեղանակներում անդադար բանում եյին, բայց այն, վոր ավելի նշանավոր եր Խաչոյի հարստության մեջ, — դրանք եյին նրա յոթն վորդիները, վորոնք մինը մյուսի յետևից հասած, ներկայացնում եյին նրա տան հարստության սյուները։ Վորդիները բոլորը ամուսնացած եյին և տունը լցված եր ամեն հասակի յերեխաներով։ Ամուսնացած եյին և նրա թոռներից միքանիսը. նրանք նույնպես զավակներ ունեյին։ Յեվ ծերունի Խաչոն իր աչքի առջև տեսնում եր միքանի սերունդ, վոր ապրում եյին միասին, վոր կազմում եյին մի փոքրիկ աշխարհ։ Գյուղում առակի ձև եր ստացել այն խոսքը թե «Խաչոն այնքան զավակներ ունի, վորքան անասուններ»։


Խաչոյի յոթն վորդիներից առանց ամուսնանալու մնացել եր ամենակրտսերը, մանկահասակ Ստեփանիկը, վորը դեռ նոր եր մտել իր տասնևվեց տարեկան հասակի մեջ։ Բայց նրա դեմքին նայելով,