Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բացի դրանից, կային տնտեսական և ուրիշ զանազան հոգսեր: Ահա այնտեղ, բակում հարսներից մեկը կովերին և վոչխարներին ե կթում. մյուսը փոքրիկ ոջախի վրա կաթ ե տաքացնում մածուն շինելու համար. յերրորդը պանիր ե մակարդում. չորրորդը հարում ե խնոցին կարագ պատրաստելու համար։ Նրանց շուրջը վազվզում են բազմաթիվ յերեխաներ և խաղում են նորածին գառների ու հորթերի հետ։ Քաղցր ե նայել այդ գյուղական բախտավորության վրա։ Մանուկ և գառնուկ, յերկուսն ել աճում են միասին,—յերկու հարստություններ, վորոնցմով ուրախանում ե, վորոնցմով պարծենում ե գյուղացին։


Բակի արևահայաց կողմում, պատի տակ, մինը մյուսի վրա, կարգով շարված են մի քանի հարյուր մեղրի փեթակներ։ Ապրիլյան արեգակը թափում ե այստեղ իր ջերմ ճառագայթները։ Մինչդեռ հարսները մյուս կողմում զբաղված են իրանց գործով, ծերունի Խաչոն այստեղ բաց ե անում փեթակների դռնակները։ Ճանճերը ուրախ և զվարթ դուրս են թափվում ծակերից, սավառնում են նրա ալևոր գլխի շուրջը, պըզպըզում են, վըժվըժում են, թըռթըռում են, և ոդը թնդում ե միլիոնավոր միջատների ձայնից։ Գտնվում են նրանց մեջ և այնպիսի չարաճճիներ, վոր կծու համբույրներ են մատուցանում ծերունու խորշոմած յերեսին։ Բայց նա ամենևին ցավ չե զգում, միայն ձեռքով քշելով, ասում ե. «Ա՛յ, սատանա, ինչ վատություն ե արել քեզ Խաչոն»։


Նույն ժամուն Ստեփանիկը հեռու կանգնած, հետաքրքրությամբ նայում եր հոր աշխատություններին։


— Գնա, զավակս, ճանճերը կկծեն քեզ, զգուշացնում ե հայրը:


— Ապա ինչու քեզ չեն կծում, հարցնում ե վորդին։


— Կծում են, բայց ինձ այնքան չեն ցավեցնում։


— Ինչու չեն ցավեցնում։


— Իմ մարմինը վաղուց սովորել ե նրանց խայթոցներին։


— Թող իմն ել սովորի, ասում եր պատանին ժպտելով։


Ծերունին ծիծաղում ե և համբուրում ե վորդուն։


Նույն միջոցին հայտնվեցավ գյուղի գզիրը և ասաց, վոր քուրդ Ֆաթթահ—բեկը մարդ ե ուղարկել, թե գալու յեմ տանուտերի մոտ հյուր, և ավելացրեց, թե գուցե շուտով կգա նա, վորովհետև շատ հեռու չե գտնվում, այլ մերձակա լեռների վրա վորս ե անում։ Կարծես մի սև թուխպ անցավ ծերունու պարզ ճակատի վրա և նրա ուրախ դեմքը նսեմացավ տխրությամբ։ Բայց նա զսպելով իր ներքին տհաճությունը, պատվիրեց գզիրին, վոր դաշտից կանչե իր վորդիներից մի քանիսին, վոր սպասավորություն անեն, իսկ ինքը խո—