Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարեցին Վարդանին, վոր նա չկարողացավ զսպել իր հետաքրքրությունը, և մոտենալով, հարցրեց.


— Տեր հայր, դուք ինչ արեցիք ձեր ապառիկների հետ։


Քահանան հիմարի տեղ դնելով անծանոթ յերիտասարդին, խիստ սուր կերպով նայեց նրա յերեսին և վոչինչ չպատասխանեց, միայն հասկացրուց թե շուտով գանգը կտան և իր դասը վերջացած կլինի: Նրա դասը բնական գիտություններից եր, այդ նույնպես վոչ սակավ զարմացրուց Վարդանին։ Քահանան, աստվածաբան և միևնույն ժամանակ բնագետ, — դա, իրավ, վոր դա զարմանալի յեր։


Վարդանը չսպասեց մինչև դասի վերջանալը և դուրս յեկավ յեկեղեցուց, լավ ևս ե ասել՝ դպրոցի բակը։ Այստեղ նա վոչ մի գերեզման չտեսավ, վորպես սովորաբար լինում ե հայոց յեկեղեցիների բակերում։ Նա զարդարած եր հազվագյուտ ծառերով և ծաղիկներով։ Յերկար նա կանգնած նայում եր ճեմելիքների գեղեցկությանը, մինչև գյուղացիներից մեկը տեսնելով, վոր նա ոտարական ե, հրավիրեց իր տունը նախաճաշիկ անելու։


Նրա տունը այն կոկիկ տներից մեկն եր, վոր իր փոքրիկ ծավալի մեջ բովանդակում ե ընդարձակ բավականություններ։ Նա ամբողջապես կորած եր հովանավոր ծառերի մեջ։ Կային միքանի սենյակներ, վոր հարմարացրած եյին կյանքի զանազան պահանջներին, բոլոր պարզ, մաքուր, և իրանց պատշաճավոր կարասիներով զարդարված։ Տանտիրոջ մանկահասակ աղջիկը, շրթունքի միջից մի յերգ մեղմիկ կերպով յեղանակելով, ուրախ—ուրախ դիմավորեց հորը։ Կարծես տխրությունը, վիշտը, կյանքի դառնությունները յերբեք չեյին շոշափել այդ գեղեցիկ արարածի սիրտը։ Նա, հայ կնիկներին հատուկ ամոթխածությամբ, չվախեցավ, չթագնվեցավ անծանոթ հյուրից, այլ շնորհալի կերպով խոսում եր Վարդանի հետ, ծիծաղում եր, կարծես վաղուց բարեկամ լիներ։ Բայց վորքան նման եր Լալային։ Այդ զարմանալի նմանությունը մի այնպիսի հոգեզմայլությամբ պաշարեց Վարդանին, վոր ցանկանում եր գրկել նրան և ասել. «վերջապես գտա քեզ»...


Նախաճաշիկը արդեն պատրաստ եր սեղանի վրա։ Տանտիկինը լցրեց ահագին գավաթներ սուրճով, թանձր սերի հետ, և դրեց հյուրի և իր ամուսնի առջև: Իսկ մանկահասակ աղջիկը դրեց սեղանի վրա այն առավոտ ստացած լրագրի թերթե, և ինքնաբավական ժպիտով ցույց տվեց մի հոդված։ — Ա՜, քո հոդվածը արդեն դուրս ե յեկել: Լալա, խոսեց հայրը, ակնոցները ուղղելով, թերթը մոտեցնելով աչքերին։


— «Լալա», գոչեց Վարդանը անզսպելի խռովության մեջ.