Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գարնանամուտի մեծահանդես տոնախմբությունը։ Քո ներկայությունը, սիրելի Սամվել, մի նոր փայլ, մի նոր շուք կտա այդ տոնախմբությանը։


Անսպասելի տեսարանը այն աստիճան հուզեցյ,այն աստիճան սաստիկ խռովության մեջ դրեց անբախտ յերիտասարդին ,վոր նա բոլորովին շփոթվեցավ, մի բառ անգամ չգտավ պատասխանելու մորը։


Մայրը բռնեց նրա ձեռքից, ներս տարավ տաճարը։


Սամվելը թախծալի աչքերով նայեց կրակի վրա, նայեց և մոգերի վրա։ Փոփոխությունը չափազանց անմխիթարական եր։ Մտարերեց , վոր այժմյան ատրուշանը այն յեկեղեցին եր, վորտեղ աղոթել եյին յուր նախնիքը, և վորի սուրբ ավազանից ինքը ծնունդ եր առել։


— Մա՜յր,—ասաց նա խռովյալ ձայնով,—յես ինձ բոլորովին դժբախտ եմ համարում, վոր վերադառնալով իմ հայրենական ամրոցը, ամեն կարգ, ամեն սրբություն խանգարված եմ գտնում։ Յեթե ցանկանում ես, վոր յեu քո ՝վորդին լինեմ, հանգցրու այդ կրակը:


Մոր աչքերը վառվեցան բարկության բոցով։


— Յես աստվածասպան լինել կարող չեմ, Սամվե՛լ,- պատասխանեց նա զայրացած կերպով հրաժարվելով։— Յեթե դու իմ վորդին ես, պետք ե յերկրպագություն տաս այն սրբությանը, վոր պաշտում ե քո մայրը։


—- Ուրեմն, յես կսպանեմ քո աստծուն, մայր։


— Չե՛ս համարձակվի, Սամվել։


Մոգերն ու մոգպետը յերկյուղից մի կողմ քաշվեցան։ Սամվելի մարդիկը շրջապատեցին նրանց։ Բազմությունը ապշած կերպով նայում եր, թե ինչով կվերջանա մոր և վորդու կռիվը: Տիկնոջ դրանիկներից մի քանիսը իրանց ձեռքը տարան դեպի սրերը և զայրացած դեմքով սպասում եյին նրա հրամանին։ Սամվելի մարդիկը նկատեցին այդ,իրանք նույնպես ձեռքերը տարան դեպի իրանց սրերը:


Անզուսպ կատաղությունը տիրեց դժբախտ վորդուն։ Նրա սպառնական դեմքը այդ րոպեյում ահռելի յեր։ Խորին վրդովմունքով դարձավ դեպի մայրը, ասելով.


— Կրկնում եմ, մայր, հանգցրու այդ կրակը ...


— Անկարելի յե, Սամվել...


— Կրկնում եմ, հանգցրու այդ պղծությունը, յթե վոչ...


— Յեթե վոչ, ի՞նչ կանես...


— Քո արյունով կհանգցնեմ...