Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դու բռնիր այստեղից։ —Նա սառնասրտությամբ ցույց տվեց իր գոտին։


Յես սոսկացի:


Նավաստին անվրդով կերպով կանգնած եր և վոտքը դրել եր նավակի կողքի վրա, կարծես, նրա զորավոր ճնշումով աշխատում եր պահպանել նավակի հավասարակշռությունը, վորը այդ միջոցին, մի փայտյա կոտրած շերեփի նման, ծփում եր զայրացած կոհակների մեջ։ Հարավային տաք քամին, վորը անցնելով Միջագետքի արևակեզ անապատներից, և փոքր ինչ զովանալով Տավրոսի լեռների վրա, հասնում եր մինչև այստեղ, — այդ բոթաբեր քամին, ավելի և ավելի սաստկանալով, փոքր եր մնում, վոր փշրեր բարակ ձողը, վորի գլխին, աղմուկ բարձրացնելով, ծածանվում եր Բերզեն-ողլու կարմիր և սև գունով դրոշակը։


— Տուր ինձ թիակը, դու հոգնեցար, — ասաց նա Ասլանին, առնելով նրա ձեռքից թիակը։ — Իսկ դու, իմ գառնուկ, անգործ մի մնա, վեր առ այդ գոտը և ջուրը դուրս ածիր։


Յես վեր առի փայտյա գոտը, սկսեցի դուրս ածել ջուրը, վոր այդ ժամանակ ավելի առատությամբ թափվում եր նավակի մեջ։


Արեգակը այժմ բոլորովին ծածկվեցավ։ Մառախուղը, հետզհետե աճելով, ընդարձակվելով, բռնել եր ամբողջ հորիզոնը: Միքանի քայլ հեռու վոչինչ չեր յերևում. կղզին անհետացավ մեր աչքերից: Անձրևը սկսեց սաստկանալ։ Վերևից հեղեղ, ներքևից ալեկոծություն։


Յերբեմն լսվում եր զանգահարության մեղմ ձայն, վորը խլանում եր քամու կատաղի մռնչյունի մեջ: Զանգակի այդ տխուր հնչյունները լսելի յեն լինում միայն հանդիսավոր թաղումների ժամանակ։ Այդ ձայնը ինձ վրա խիստ սոսկալի ազդեցություն գործեց։ Միթե շուտով պիտի կատարվեր մեր թաղումը, միթե շուտով պիտի պատռվեր ջրայն անդունդը և մեզ տաներ սառն գերեզմանի մեջ։


Ասլանը մտահույզ եր։ Նավաստին յեռանդով մաքառում եր փրփրած ալիքների հետ։ Իմ մեջ սիրտ չեր մնացել։


— Այդ ի՛նչ զանգակի ձայն ե, — հարցրեց Ասլանը։


— Այնտեղ, կղզու մեջ, աղոթում են, — պատասխանեց նավաստին։ —Աբեղաները սովորություն ունեն՝ սաստիկ ալեկոծությունների ժամանակ մոտենալ ափերին և խմբով թափոր կատարել։


— Ուրեմն մոտ ենր կղզուն։


— Շատ հեռու չենք։


Յես փոքր ինչ հանգստացա: