Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պետք եր նավակի մեջ գտնված բոլոր ծանրությունները ածել ծովը։ Նավաստին նետեց կողովը, վորի մեջ զանազան մրգեր եր տանում աբեղաների համար։ Տանձերը, խնձորները միքանի վայրկյան ծփացին կոհակների վրա, հետո անհետացան: Նետեց հացի պաշարը, վոր Ծովիկը դրել եր մեզ համար։ Ասլանը նետեց նորին սրբազնությոնից իբրև հիշատակ ստացած փղոսկրյա «տիրուհին»։ Յես ել հիմարացա, նետեցի ձեռքիս փայտյա գոտը։


— Խելացի բան տեսար. — նկատեց ինձ նավաստին ժպտելով։


Ամեն րոպե սպասում եյինք խորասույզ լինելու։ Յերբ մոտեցանք մի կողմից կղզուն, մյուս կողմից ծովափին, նավաստին ասաց.


— Վտանգը պետք ե անցած համարել։


— Ընդհակառակն, հենց այժմ ե գլխավոր տագնապը, — նկատեց նրան Ասլանը։


— Ինչո՞ւ։


— Այժմ քամին փչում ե արևմուտքից, և ալիքները մղում են դեպի արևելք, այսինքն դեպի մերձակա ծովեզրը. շուտով մեզ կհեռացնեն կղզուց և, նավակը զարկելով ցամաքի ժայռերին, կփշրեն։


— Յես պիտի թողնեմ, վոր տանեն և փշրեն։


Նա առաջարկեց թողնել նավակը և լողալով անցնել վորը ավելի մոտ եր, քան թե ցամաքը։


— Յես նպատակ չունեմ թրջված կատվի նման վանքը մտնել,- պատասխանեց Ասլանը։


— ՈՒրիշ հնար չկա:


— Կա։


— Նավակը շուտով մեզ հետ կփշրվի ժայռերի վրա:


— Յեթե այդ ուղղությամբ տանենք, չի փշրվի:


— Այնտեղ ուժգին հորձանք կա։


— Հենց այդ հորձանքը կազատե մեզ։


— Դուք համոզված եք։


— Ինչպես յերկու անգամ յերկու...


— Տեսնենք...


Գիտությունը և փորձը վիճում եյին միմյանց հետ: Ասլանը նայելով ալիքների ուղղությանը, քամու ընթացքին, այդ համոզմունքն եր կազմել։ Իսկ նավաստին, հիմնվելով իր փորձերի վրա, բոլորովին հակառակ կարծիք եր հայտնում. նա դարձյալ առածարկում եր թողնել նավակը, և լողալով ընկնել կղզին։ Թե այսպես, թե այնպես, տագնապը մեծ եր։


Նավաստին դադարեց վիճել նա թեորիայի մարդ չեր։ Հան-