Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լոր ուշքը, միտքը գրավել եր յերիտասարդ վարժապետը։ Նրա մասին եյի մտածում, նրա այրական սիրելի պատկերն եր իմ աչքի առջև:


Յերբ տեր հայրը սկսեց նրա մասին խոսել, յես մեծ ուրախությամբ լսում եյի:


— Յեկեղեցու բակումն ե բնակվում ,— ասաց նա, — այնտեղ դպրոցին կից, իրա համար յերկու սենյակ ե շինել տված։ Այդ սենյակները մեր խրճիթների նման գետնափոր չեն, դուք, ի հարկե, առավոտյան կտեսնեք, թե վորքան հարմարություններով են շինված։ Նա միշտ խորհուրդ ե տալիս, հորդորում ե գյուղացիներին, վոր դուրս գան գետնի տակից և այն ձևով բնակարաններ շինեն։ Ասում ե, վոր գետնափոր խրճիթը շատ վնասակար ե առողջության, այնտեղ չե թափանցում վոչ արևի լույսը և վոչ ոդի մաքրությունը։


— Գյուղացիք հետևում են նրա խորհուրդներին, — հարցրի յես։


— Շատերը հետևում են. ով վոր նոր տուն ե շինել տալիս, այնպես ե շինում, վորպես նա ցույց ե տալիս։ Նա մեզ բացատրում ե, թե տան ձևը վոչ միայն մեծ նշանակություն ունի մարդու առողջության վերաբերությամբ, այլ սաստիկ ազդում ե նրա բնավորության, մտքի և հոգեկան տրամադրության վրա։ Յեթե հայ գյուղացին, ասում ե նա, այդքան ծածկամիտ, նենգավոր և միևնույն ժամանակ՝ այդքան մռայլոտ ե, — յեթե նա կորցրել ե յերգելու և ուրախ լինելու ընդունակությունը, — գլխավոր պատճառներից մեկը այն ե, վոր ապրում ե գետնի տակ, խուլ մթության մեջ:


— Ձեր գյուղացիք նույնպես գետնի տակ են ապրում, — նկատեցի յես, — բայց բավական ուրախ են, բավական պարզ սիրտ և լուսավոր միտք ունեն։


— Այդ նկատողությունը յես ել մի անգամ արեցի նրան։ Նա պատասխանեց. դրսի կյանքը՝ ազատ և արձակ ոդի մեջ՝ մեղմացնում ե գետնափորի ազդեցությունը։ Դուք, ասաց, տարվա մեծ մասը անց եք կացնում դաշտերում, լեռների վրա, և ձեր վրաններով՝ ձեր անասունների հետ՝ բնակվում եք ձեր արոտատեղիներում։ Ազատ բնությունը ներշնչում ե ձեր մեջ ազատ սիրտ և ազատ հոգի։ Ձեր գետնափոր խրճիթները ձեզ համար ժամանակավոր ձմերանոցներ են միայն։


Անհամբերությունը ինձ այնքան տանջում եր, վոր չսպասելով մինչև առավոտ, վոր գնայի և անձամբ տեսնեյի բոլորը, — յես ցանկանում եյի վարժապետի սենյակների, նրա նիստ ու կացի, և առհասարակ նրա կենցաղավարության մասին՝ կանխապես տեղեկություն ստանալ քահանայից։ — Ցանկանում եյի խոսել, մինչև լույս խոսել եմ սրտին շատ մոտ յերիտասարդների մասին և բնավ չքնել: