Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գալիս Ալթմազովի ցոլուն, խոշոր ու մի փոքր արյուն-կոխած աչքերի արած կախարդական ներգործությունը յուր վրա։


Ալթմազովը գնաց իր հյուրանոցը։ Ժամը ճաշի յեր։ Ծառան հարցուց նորան, «Վո՞րտեղ կբարեհաճիք ճաշ ոստելու, ձեր սենյակի մեջ թե՞ հասարակաց ճաշարանումը։ — Հասարակաց ճաշարանումը,— ասաց Ալթմազովը ու գնաց այնտեղ։ Ճաշարանի մեջ մի յերկար սեղանի առջև արդեն շատ մարդիկ նստած եյին — յեկավոր բարձր աստիճանավորներ, զինվորականներ, ոտար տերության գործակալներ և շատ ռուս և ոտարազզի ազնիվ կնանիք։ Յերբոր Ալթմազովը յուր սովորական ազատ բռնվածքով ու քալվածքով գնաց և մի ազատ սպասքի առջև նստավ, ամենքը և մանավանդ կնանիք զարմացած՝ աչքերը նորա վրա դարձուցին և շատերեն մինչև անգամ ակամա հիացման բացականչություն դուրս թռավ. «Աստված իմ»։ Վորպիսի գեղեցկություն։ Ալթմազովը չի շփոթվեցավ. այդպիսի բացականչությունների և ավելի խորունկ և համոզիչ արտահայտությունների նա արդեն վաղուց ընտելացած եր. նա թերևս կզարմանար, յեթե մարդիկ և մանավանդ կանայք առանց ուշադրության թողնեյին նորան, բայց ամենևին չի զարմացավ, յերբ նորա արտաքին շնորհքին հարկավոր հարկը հատուցին։ Թիֆլիսի ինստիտուտկաներն եյին մեղավորը, վոր նա այդքան յերես առած եր։


Ճաշը վաղուց սկսվել եր և արդեն վերջանալու վրա յեր։ Մի տարեց խաթուն կին, վոր սաստիկ ուզում եր նորա հետ խոսք բանալ, բայց չիմանալով ինչպես, ասաց նորան ֆրանսերեն. «Պարոն, յեթե կներեք, իմ, գուցե անտեղի, հետաքրքրությանը, ասացեք խնդրեմ, սպանիացի չե՞ք արդյոք»: — Վոչ տիկին, պատասխանեց Ալթմազովը նույն լեզվով։ «Ուրեմն իտալացի՞ յեք», շարունակեց անծանոթ կինը։ — Իտալացի ևս չեմ, ասաց Ալթմազովը։ «Յես գիտեմ, ասաց մի չոր չոր, նիհար, բայց ազնիվ դեմքով կին. պարոնը հնդկաստանցի յե. հնդիկ ռաջայի վորդի»։— Այդ ես վոչ, ասաց հայ յերիտասարդը։ «Յես գիտեմ, ասաց գերմաներեն յերրորդ կինը, վոր ամենեն մատաղահասն եր. պարոնը հարավային Ֆրանսիայեն ե, թերևս մարսիլիացի»։— Կսխալիք ամենքդ ել, տիկիններ, ասաց Ալթմազովը ամուր և համարձակ, յես Կավկասիցն եմ, և մի փոքր կակազելով ավելցուց թույլ ձայնով. յես հայ եմ։ — «Հա՞յ եք» , ասացին յերեք կնանիքը և իրար յերես նայեցան։ — Ի՞նչ զարմանալու բան ե վոր, ասաց կամաց ձայնով անգլիացի կինը, թայց լսեց Ալթմազովը։ Կավկասյան ցեղ վոր ասում են, այդ յես շատ նոր կարդացի Թայմզ լրագրի մեջ, վոչ այլ ինչ ե, յեթե վոչ բուն հայերը, վորոնց մտավոր զարգացումն, կատարելագործության ընդունակու-