Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոշաների բանակած տեղը թե գեղեցիկ եր և թե ապահով: Միքանի քայլից հետո մի արահետ, քսան րոպեյի վազքով կհասցներ հերթև, ձիով յերկու ժամ դեպի բերդաքաղաք։ Բոշա կինը կարող եր շուտով յելնել, մտնել դաշտը, հինգդ—վեց գյուղ թափառել և յերեկոյան վերջալուսին վրանները վերադառնալ։


Ցերեկները վրանների առաջ քիչ բազմություն կար և քիչ եր կենդանությունը։ Ահագին գամփռները քնում եյին արևի տակ։ Եշեր, յեթե դաշտ չեյին իջել, արածում եյին բոշա մանուկների հսկողության ներքո։ Մանուկները խոտերի մեջ մեջքի վրա տարածված յերազում եյին բաց յեկնքի տակ կամ քնում: Իսկ տղամարդիկ, վրանների հովանու ներքև մաղ եյին գործում կամ փսիաթ: Միքանի կանայք, դեռ ջահել հարսներ վրանի առաջ ոջախ կազմած, փշերից ու գյուղերից բերված փայտերից կրակ վառել, կերակուր եյին յեփում, լվացք անում կամ թե խումբ առ խումբ քիչ հեռու, ծաղիկների և ջրվեժի կողքին, գուլպա եյին դործում և խոսակցում:


Գիշերն եր, վոր սկսում եր մի յեռուն, զվարթ կյանք այդ վրանների մեջ:


Վերջալուսին ամենքը տուն մտած, տեղավորում եյին իրենց բերածը, ապա ճաշում։ Հետո աթոռակալի—իրենց ցեղապետի վրանի առաջ մի մեծ խարույկ վառում և յերբ մութն իջնում եր բլուրների վրա, յերբ լուսինը կաթնագույն լուսով վողողում եր այդ սքանչելի բարձրությունը—պլպլացող խարույկի շուրջն եյին կիտվում բոշաները։ Գալիս եր հովվական տիկը, որվա անցքերի մասին քիչ խոսելուց հետո, գիշերային լռության մեջ, շների ընդհատ վոռնոցների, մանուկների զվարթ կանչերի միջից սկսում եր յերաժշտությունը։ Բոշայական տխուր, մելամաղձոտ նվագը, վոր արձագանգ սփռելով թրթռում եր, իջնում ծործորների խորքերը կամ յերերուն ու մեղմիկ գնում մարելու դեպ բարձրությունները:


Նվագում եր տիկը միաձայն, մի տխուր խաղի յերկար տևողության միջից մեղմաձայն արտահայտելով յերգի տխուր յելևեջները, վորոնք յելնում եյին վոլորուն ու ճնշող, ապա հանդարտ ու գեղգեղ իջնում հալվում եյին միաձայն խաղի գրկում։


Յեվ տխուր խաղը մի վայրկյան նրան որորելուց հետո, նորից բաժանում եր նրան և նորից նետում դեպի տարածությունը։ Այդպես ժամանակ շներն իսկ դադարում եյին հաջելուց. խարույկի սփռած լուսի հեռավոր աղոտության մեջ, գլուխը թաթերի վրա առած, անշարժ, ուշադիր, աչքերը յերաժշտին, դեմքերը կծկելով լսում եյին նրանք։ Մանուկները ծնկները բարձր, գլուխը