Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅ ԲՈՇԱՆԵՐԻ ՎՐԱՆՆԵՐՈՒՄ


Բասենի բարձրավանդակ բլուրների վրա գարնանային յեղանակ եր, չնայելով վոր հունիսյան շոգեր եյին սկսել դաշտի մեջ։


Դեռ հեռավոր գագաթների վրա և ստվերամած հովիտներում սպիտակին եյին տալիս ձյունի շերտեր։ Բաց տեղերում , գորշ թացության մեջ դալար կանաչը թավշանման քնքշությամբ գորգեր եր կագմում բծավորված և կտոր֊ կտոր յեղած բազմաթիվ վճիտ վտակներով ու ջրակույտերով։ Մանիշակագույն ծաղիկներ, զանգակաձև լալան, շեփորաձև կակաչն ու փոքրիկ գողտրիկ գիներբուկը խմբերով պսակ եյին կազմել առվակների շուրջը։ Այս—այն կողմ գարնանային դեղին ծաղիկները գլուխ եյին դուրս պարզում քարոտ վայրերի և փոքրիկ խորշերի մեջից։ Հեռուն բավական բարձրացած ցորենի և գարու կանաչ արտերի մեջ բարձրագլուխ կապույտ շերտեր եյին գնում խիարուկները: Իսկ կապույտ շուշանը ճախնուտ կողմերում բացվել, իր մեծ նուրբ շուրթերն եր ցնցում մեղմիկ զեփյուռի տակ։


Ալեձև կանաչ բլրակներ հետզհետե բարձր, գույնզգույն ծաղիկներով, փողփողուն վտակներով շերտավորված սարահարթեր՝ միմյանցից գեղածիծաղ, միմյանցից կենսապարար շրջապատում եյին այն մենավոր անկյունը, ուր գարնան սկղբից ի վեր իջեր բանակել եր բոշաների մի ցեղ՝ գորշ վրանների տակ, մեղմիկ ցած հոսող ջրվեժի կողքին, փոքրիկ, բաց շքեղ մի հարթության վրա:


Գյուղերը հեռու չեյին. միքանի բլուրներ, և ահա տարածվում եր Հասան—Ղալայի դաշտը, կտրված մեծ, պղտոր Յերասխով։ Ամեն կողմ բնակություններ. հեռվում հնացած, խարխուլ քաղաքն ու իր ապառաժուտ կողքերով բերդը. դեպի ձախ՝ վոլորապտույտ Դեվեբոյնու կիրճը, դեպի աջ՝ Բասենի շքեղ դաշտը, ապա հորիզոնի մշուշի մեջ լեռներ ու լեռներ, բարձր, դաժան շղթաներ...