Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գալուստներդ բարիի,—խոսեց Մուսա աղան քաղցր և ուրախ ժպիտով.—ի՞նչ կա, ի՞նչ չկա դաշտում. ի՞նչ նորություններ կասես մեզ, Մահմո՛ւդ աղա։


Վորդին իր հաստ մարմնով շարժվեց տեղումը, ժպտեց, քիչ լռեց և ասաց.


— ի՞նչ պիտի լինի... Ուտում ենք ,վորսում, քնում ենք, Զվարճանում... Մզտոն միայն քաղաքից յերեկ լուր բերավ, վոր Վանա փաշան Բերի յե ուզում գալ... Մեկ ել վոր, ֆլաները (հայերը)ելի խմբով,ամեն բան թողնում են և ռուսի հողը անցնում...


— Հա՛,—վրա տվավ Մուսա աղան.—յես ել լուր ունիմ: Հանգիստ չեն թողնում նրանց, իհարկե կերթան... Լո՛, յերկրագործին տուրքերի թեթևություն ե հարկավոր... յերկրագործին փող վո՞րտեղից ե, վոր փողով տուրքը տա...


— Դե՛հ, մենք ել այդ լավ գիտենք, ղորբանե տամա (քեզ մատաղ), —ասաց մի ցեղապետ,—փող չենք առնում մենք։ Ցորեն, գարի, տավար...


— Ֆլաները աշխատավոր են, յե՛ս ու իմ աստվածը,—ձայնեց այն կողմից մի ուրիշ ցեղապետ.—լավ գործում են, լավ ել տուրք աալիս...Չպետք ե վախեցնել ա՛յնքան, վոր մեր հողերը թողնեն ու գնսքն։ '


— Ֆլան շատ վախկոտ ե, — ասաց Ոսման աղան.- կամ պիտի հնազանդի կամ թողնի փախչի։ Մեր դաշտի նապաստակը նրանից սրտոտ ե... Իմ հողիցն ել 10— 15 տնվոր փախել են. ուշ իմացա թե չե՝ ո՞վ կթողներ. յեզին ել կթողնեն վոր աշխատանքից փախչի՞...


Յեվ այսպես, ցեղապետներից յուրաքանչյուրը մի-մի կարծիք հայտնեց հայերի մասին:—Մեկը գովեց նրանց հավատարմությունը, մյուսը գտավ, վոր այդ հավատարմությունը ծնում ե նրանց մեջ վախից, յերրորդը հայտարարեց, վոր հայը չարքաշ ե, անասունից ավելի դիմացկուն, մի ուրիշն ել առարկեց թե՝ եշն ել չարքաշ ե, վորովհեաև ստիպում են ։ Վերջապես միքանիսները պնդեցին, վոր հայը համբերող ե առհասարակ ու սւյդպես ե ծնվում բնականից, ինչպե՛ս վոր յեզը բնականից ծնվում ե լուծի համար։


Այստեղ Մուսա աղան, վոր մինչև այդ լուռ լսում եր, արհամարհական ժպիտը դեմքին՝ կարդաց իր վճիռը։


-Հայը,-ասաց նա,—հավատարիմ ե, վորովհետև վախենում ե չարքաշ ե, վորովհետև ստեղծվել ե միայն ծառայելու համար և դիմացկուն ե, վորովհետև ծեծի սովոր ե։ Բայց, ավելացրեց նա հեգնությամ՛բ, — հայը ունի այնպիսի հատկություններ, վոր քյուրդը չունի...


— Հեա՜... կանչեցին զարմացած միքանիսը,—քյուրդը չունի՞...