Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԵԴԽՈՒԴԱՆԵՐԸ

I


Բայց ինչ կուզեր վոր աներ՝ Աղասին իրանց տանն ենպես եր, ինչպես մեկ հարսը։ Ղորդ ա մի քիչ վոտին, գլխին արեց, ամա են ել բարիկենդանի հունարն եր։ Շիրախանի բանալիքն ասես, թե մառանի՝ մոր ջիբումն եր։ Սա յել հո ենպես կապ եր ընկել, պպին կանգնել, թե ընչանք ժամը դուրս չի գա, նրան վոր մեռնի յել մեկ կաթը ջուր չի տալ։ Աղասու նշանածն ելլավ վոտին, գլխին եր անում, ամա ի՞նչ աներ ջրատարը. ձեռիզը մեկ բան չեր գալիս։


Անաստված կեսուրը վոչ մեկի դնչին ել չեր նայում, չեր մռում։ Ամա բանը իր ձեռովն եր հազիր արել, արաղ, գինի, հավ, ձու, վոչխարի միս, բայց ժամը չարձակված վայ նրան վոր եստոնց տովն անց կենար կամ մատը դներ վրեն։


Ես միջոցումը գոմի սաքուն ել սկսեցին թամուզ սարքել, խալիչա փռել, բուխարին վառեր դուրսն ու տունն ավելել, չունքի վոր գեղի քեդխուդեքը ես որ ես տեզ եյին կանչած ու եսպես կարգով որը մեկ քեդխուդի տանը, ինչպես վոր միշտ սովորություն ա, իրանց բարիկենդանը պետք ե անց կացնեյին։ Աղասու մարդը վաղուց կըտրիցը նայում եր, վոր տեսնի թե յերբ ժամը դուս կգա: Հենց կնանոց սիպտակ չարսավը տեսավ թե չե, նոքարը ափալ թափալ տուն ընկավ ու նրան աչքալիս տվեց։


«Քեդխուդեքը գալիս են, տո, տեղ արեք, ղրաղ կացեք, ճամփա բաց արեք»,— ձեն տվեց գզիր Կոստանը, մեկ աջքը քոռ, դունչը ծուռը, ենպես վոր միրքի կես փայը մնացել եր յերեսի վրա ցից ելած, խճճված, կես փայն ել բողազին, չանին կպել, չորացել՝ ենքան խոսացել եր ու հարայ տվել։


Թագավորն ել ենպես ուռած ուռած իր քողը ու սարեն (պալատը) չեր մտնիլ, ինչպես մեր գեղի իշխանքը տաք գոմը. թեև շատի հաքին ենքան շոր չկար, վոր երկու մանեթի գին ունենա։ Վորը մեկ տասը տարվան կտրտված, քրքրված հին յափունջում կոլոլված, վորը մեկ հազար տեղ կարկատած մաշված քրդի աբա ենպես եր ուսերին քաշել, վոր ղորդ ա, բերանն ու միրուքը ծածկած ուներ, բայց գոտկի տակիցը դենը, գլուխդ ապրի, պատռտված քոբաչի չուխի ծլանկները (կտորները) հազար տեղից ենպես եյին ճոլոլակ ելած ու քամու ձեռին յեսիր մնացել, վոր փչելիս ուզում եր թե իրանց ել հետը տանի։ Գըլխըներին հո ենպես գիտես թե ամեն մեկը սաղ վոչխար ըլեր դրած։ Են վոր մի քիչ չաղ եր ու յեղալի (հարուստ), վոտն ու գլուխը ելի մի քիչ քոք եր ու աստծու տվածիցը շորի հոտ եր գալիս վըրներիցը։ Ամենիցը գլուխը նրանց բորանի քուրքն եր.