Շարժվեց Զալխեն ել, նայեց աղային, նայեց Հասոյին։
Զգաց, վոր Հասոն կորել եր իր համար, ինքն ել աշխարհի համար:
Յեվ լռեց ամեն ինչ...
«Լուր-դա-լուր»-ը դադարեց, նրա խաղի վերջին թրթռումը գնաց մեռնելու ոդի մեջ...
Հետո... լսվեց մի ճիչ:
Ու յերկու մարմիններ արագ պտույտ գործելով ոդի մեջ գնացին միասին ջախջախվելու անդունդի խորքում և միմյանց գրկում։
Հասոն ու Զալխեն եյին դրանք...
ՀՈՂԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԸ.
Հատված.
...Հովարցի կոչվող փոքրիկ գյուղի մոտ, Դուզանի հողերին
կից, չորս-հինգ որավարի չափ քարոտ մի տարածություն կար,
վոր ցանցառ թփիկներով միանում եր անտառին։
Արքունի սեփականություն եր այդ. սակայն գյուղացիք, վոր
մի առանձին հաճույք են զգում այդպիսի հողերից վորևե կերպ
ոգտվել — արժան իսկ չեյին համարում այդ կտորին ձեռք տալ, վորովհետև
ծայրից-ծայր քարերի մի հոսանք ծածկել եր նրան։ Տավարներն
անգամ չեյին մտնում այնտեղ: Փուշ, տատասկ—վորքան
կուզեք։
Միքանի որից ի վեր, սակայն, հովարցիները ապշելով նկատում
եյին, վոր մի ինչ-վոր գյուղացի, սայլը լծած, անտառից
յելնելով, գալիս կանգ եր առնում այդ հողի ծայրին, յեզները բաց
թողնում, իսկ հողի վերին ծայրիցն սկսած, ձեռնարկում եր
մի առ մի ժողովել քարերը, դեզ առ դեզ կիտել, փուշ ու տատասկն
ել պոկ տալ ու յեզերքներին շարել:
Սոսկալի «անմիտ» աշխատանք եր սկսել «խենթ» գյուղացին:
— Ադա, խո չի՞ գռվել եդ ուզուն-ախմախը,—ասում եյին հեռվից
անցնողները միմյանց, — են ո՞ւր ա քարերը կիտում ըտենց։
Մտքներովն անգամ չեր անցնում, վոր Թեոսը մտածում եր
հողը մշակելի դարձներ հերկել ու վարել: Շատերը յենթադրում
եյին, թե անշուշտ ուզուն-ախմախը պետք ուներ քարի կամ փշերի։
Միքանիսները, սակայն, կռահեցին ու ծիծաղում եյին։ Նախ վոր
պետական հող եր, յերկրորդ՝ յերբեք չհերկած, խոպան, անբերրի։
Յեվ հետո, միթե, հիրավի, Թեոսն ընդունակ պիտի լիներ հողը շուռ
տալ գութանով, աղբել, այդքան փուշն ու տատասկը արմատախիլ
անել, ճիլ դարձած շերտերը քրքրել և վորևե բանի գործածել։