Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիտեյին այդ գյուղացիների խմբերը, վորոնք հետազոտության յելան։


Մի խումբը բռնեց ակունքի ճանապարհը, մյուսը ձորը մտավ, մտածելով, վոր գուցե լեռներից մի խոշոր ժայռ գլորվել-փակել եր ընթացքը և փոխել նրա հեղեղատը։ Յերրորդ խումբը քայլեց գլխավոր ճյուղն իվեր դեպի լեռնաշղթայի ծործորները, և յերկու մյուսները բահերով ու թիերով զինված՝ գնացին մաքրելու մյուս ճյուղի ակունքը, յենթադրելով, վոր լցվել եյին նրանք ավազով և կամ փուխր բլրակներ փլած՝ լցրել եյին նրանց։


Յերկար դաշտի բնակիչները լուրերին սպասում, մյուս կողմից նկատում եյին, վոր վոչ միայն ջուրը չեր մեծանում, այլ ավելի և ավելի յեր պակասում։


Խմբերից շատերն այդ միջոցին հոգնեցուցիչ ճանապարհներով քայլեցին վտակներն իվեր։ Վոչ մի հողաթումբ չեր բլել, վոչ մի ժայռ չեր գլորվել, ջրերի հեղեղատները չեյին փոխվել:


Միայն նկատեցին, վոր նույնիսկ վտակները փոքրացել եյին. իսկ թե վորտեղ եր անհետանում ջուրը կամ ինչպես, ի՞նչ ճանապարհով — վոչ վոք իմանալ չկարողացավ։


Ու տասն և հինգ որյա շրջագայությունից հետո բոլոր խմբերը կենտրոնացան ակունքի մոտ և խորհրդի նստան։


— Ակներև ե, — ասաց մեկը. — ջրերը պակասում են գետերից. թե ի՞նչպես կամ ուր են գնում — մենք այդ իմանալ չկարողացանք։


— Ինձ թվում ե, — խոսեց մի ուրիշը, — վոր վտակների տակ անդունդ ե գոյացել և կլանում ե ջրերը։


— Պտույտներ պիտի լինեյին կամ վորևե այլ նշան, — առարկեց մի յերկրորդը. — մինչդեռ վոչ մի այդպիսի նշան չկա, վորքան մենք կարողացանք ուշադրությամբ հետազոտել։


— Այո, չկա, բայց կա այն փաստը, վոր ջրերը կլանվում են և մի ամբողջ հասարակություն ծարավ թողնում։


— Գուցե անհայտ չարագործներ, ստորերկրյա, վարպետությամբ շինված ճանապարհներով, գողանում են ջուրը. — հայտարարեց մի փորձառու գյուղացի։


— Այդպես բանի նշան ել չկա:


Յեվ յերկար վիճում եյին, զանազան յենթադրություններ առաջադրում, թե ինչպես ջուրը ամբարեն և դաշտին բավականացնեն։


Յեվ յերբ այդպես տաք վեճի մեջ եյին, հանկարծ մի յերիտասարդ, վոր հայտնի յեր հայրենակիցների մեջ վորպես այլանդակ մտքեր արտահայտող և խենթ, գոչեց այն կողմից.