Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Լսեցեք, թե ինչ կասեմ ձեզ, յեղբայրներ... Մեր ջրերը կլանողը վոչ այլ վոք ե, յեթե վոչ մի վշապ, վոր բուն ե դրել այդ լեռներում և հետզհետե սպառում ե մեզ կյանք տվող աղրյուրները... Մի վիշապ ե այդ..


Բարձրացավ ընդհանուր քրքիջ, հետո ծաղրի կարկուտ թափվեց խենթի գլխին։ Բայց սա անվրդով և հետզհետե ավելի հաստատուն ու վճռական գոչում եր.


— Կրկնում եմ ձեզ, յեղբայրներ. մի վիշապ ե այն, վոր մտել ե լեռների մեջ. շուտով յեղած ջուրն ել կչորացնի և, պիտի տեսնեք, կլանելով պիտի մեծանա, ծարավը պիտի աճի, խմելու փափագը պիտի ավելանա և այլևս չգտնելով, պիտի գա արյուն խմելու...


Այդպես խոսեց խենթ մարդը, և նրա յեղբայրները վոչ միայն ծաղրեցին, այլև նախատեցին նրան, ջանացին լռեցնել, հետո ապտակեցին, ծեծեցին և ստիպեցին, վոր դադարեր հիմարություններ ասելուց։


Բայց նա գոչում եր համառությամբ.


— Վիշապ ե այն, յեղբայրներ, ասում եմ ձեզ. քանդեցեք ակունքը և կտեսնեք. հետազոտեցեք խորքերը, մտեք և պիտի հասկանաք... Ծնվել ե նա, կարճամիտ յեղբայրներ, մեր միջից, մեզանից ե ծնվել...


— Մեզանից ե ծնվել, — գոչեց բարկացած գյուղի իշխանը.— ասում ես՝ մեզանից... Խենթ, ասա տեսնենք, մի հիմարություն ել ասա և հայտնիր մեզ, թե ինչ կին ե այն, վոր վիշապ ե ծնում և կամ վորտեղից, ինչո՞ւ ծնավ նա։


Ու ծիծաղում եյինք վորովհետև վոչ վոք չեր լսել, վոր մարդկանցից կարող եր վիշապ ծնվել, և այդ վիշապը, մի ամբողջ գետ կլանելուց հետո, կարող եր յելնել և մարդկանց արյունը խմելու գալ։


— Խոսիր, — գոչեցին գյուղացիք խենթին, — տեսնենք, գուցե քո մայրն ե ծնել այդ յերևակայական վիշապին, խոսիր, ի՞նչից ե ծնվել նա։


— Ձեր քրտնքից... — մրմնջաց խենթը և այնուհետև այլևս չխոսեց:


Յեվ ինչու խոսեր, միմյանց յետևից միայն այլանդակություններ եր ասում։ — «Քրտնքից ծնված վիշապ» —դա մի այնպիսի խենթային միտք եր, վոր հավերի ծիծաղն անգամ կշարժեր, ինչ մնաց խելքը գլխին, փորձառու, շատ բան տեսած գյուղացիների և պատկառելի իշխանների...