Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գալիս, և խավարը կարծես հեռանալու, չքանալու, միտք չուներ։ Վատաբախտ թռչնի ուղեղն ել եր աշխատում, աքաղաղը մտածում եր յերևի, ինչպես վոր կարող եր մտածել մի թռչուն, բայց հարցերը ծանր եյին նրա վողորմելի ուղեղի համար։ Նա չգիտեր, թե ինչ ե պատահել գյուղին, ուր են իր ընկերուհիները, ինչո՞ւ յե ինքը մենակ, ինչո՞ւ չի դուրս գալիս քահանան, ինչո՞ւ յե համրացել կոչնակը, ուր ե հովիվը, ուր ե նրա հոտը, ով տարավ, ո՞վ թալանեց, հոտաղներն ինչո՞ւ չեն յերգում, ո՞վ նրանց պապանձեցրեց այդպես անսիրտ կերպով, մի գուցե քնած են ամենքը, այդ ինչ յերկար քուն ե այսորվա քունը։ Վողորմելի թռչունը չեր հիշում իր աչքով տեսածները։


Սարսափելի բան եր. ո՞վ եր կենդանի թողել այդ մի շունչը. ընդհանուր մեռելության մեջ ինչի՞ պետք եր այն։ Խոսիր խեղճ թռչուն, տես, ձայնդ մինչև յերկինք կհասնի... Յեվ աքաղաղը կանչում եր ու կանչում. ում պիտի զարթեցներ, շրջապատի քունը ծանր եր, հավիտենական, և նրա ձայնն անզոր, թույլ. կանչում եր իր թառի բարձրությունից բուռն թափով, կանչում եր ուժգին քանի կարող եր, գոնե այդպես եր թվում նրան. և իրոք թվում եր միայն, վորովհետև նրա ձայնն այժմ կոկորդից դուրս եր գալիս մի տեսակ վողբագին, նվազած, լալագին։ Նա ել թևերը չեր թափահարում, ել հպարտ չեր իր հնչուն ձայնով, միայնությունը և լռությունը խորտակեց նրան, նա կանչում եր և կծկվում, գլուխը քաշ գցում, ասես թե խորհում եր, տխուր եր։


Մեկ ել հանկարծ մի վոտնաձայն լսվեց գոմում, վերջապես նա յել մենակ չեր. մեկը ներս մտավ. աքաղաղն ուժ առավ, քաջալերվեց, այս անգամ վերջապես նա թափ տվեց թևերը և իսկապես կանչեց իր լավ որերի պես, կանչեց և ցած թռավ թառից։ Յերկու աչքեր եյին փայլում գոմի կիսախավարի մեջ պաղ, պսպղուն, սարսափելի աչքեր։ Աքաղաղը տեսավ. հասկացավ արդյոք, թե ի՞նչ եյին ասում այդ աչքերը, գուցե, վորովհետև նա նորից փորձ փորձեց թառը բարձրանալ, սակայն իզուր, յերկու աչքերը մոտեցան, տաք շունչը փչեց թռչնի վրա, նա հազիվ կարողացավ վերջին անգամ մի տխուր ճիչ արձակել գայլի բերանում։


Վերջացավ. Հ... գյուղում ել վոչինչ չկար, ել վոչ վոք չկար...