Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեր, վոր ձին մրսում ե, գիտեր, վոր կառապանը պարտական ե իր տիրոջն սպասել, բայց հասկանալ չեր կարողանում, թե ինչո՞ւ չի դուրս գալիս տերը, կամ յեթե այդքան ուշանալու յեր, ինչո՞ւ նրան չարձակեց տուն, պատվիրելով վորոշ ժամին յետ գալ: Յեթե ինքը մեղք չե, յեթե իր ծերությունը գութ չշարժեց, գոնե այս դժբախտ կենդանուն մեղքանար. անլեզու անասուն ե, բայց ցավ զգալ գիտե։


Իսկ տերը ներսումն եր, ուր շվայտ ու գոռոզ կյանքը յեռում եր իր հազար ու մի հեղհեղուկներով, ուր հաճույքները, մեղկությունը շշեցրել եյին նրան, և նա վաղուց եր մոռացել և կառքը, և՛ կառապանին, և՛ ձին:


Յերեկոյան ժամի տասն եր, յերբ կառքը յեկավ, կանգ առավ այստեղ։


— Սպասիր, — ասաց պարոնը, ցած իջնելով կառքից։


Յեվ կառապանը սպասում ե ահա չորս ժամ, ցրտի տակ, անքուն դողդողալով իր ձիու հետ։ Յեվ մտածում ե նա, մտածում ե, ու հասկանալ չի կարողանում, թե աղայի ինչի՞ն ե պետք, վոր ինքն ու այս կենդանին այսպես տառապեն փողոցում։


Մտածում ե և պատասխան չկա, իսկ հպարտ շենքը վերից հեգնորեն թարթում ե իր լուսավոր աչքերը, ծաղրելով նրա խեղճությունն ու անզորությունը։


Յեվ ձյունը թափվում ե, թափվում...


Սեփական ցավը մոռացած՝ ծերունի կառապանը վշտով նայում ե իր խնամած, փայփայած ձիուն, վոր շարունակում ե վոտքով դոփել կամ փնչացնել իր վրա, ուշադրություն հրավիրելու համար։ Ահա նա ցած իջավ, մոտեցավ կենդանուն, գլուխը շփես, մեջքի վրա փռած փալասը հարդարեց։


— Ցուրտ ե, այնպես չե, իմ ընկեր, — դարձավ նա ձիուն,— այնտեղ տաք ե, նայիր, այն վերևում, այնտեղ չեն մրսում. ե՛հ, ի՞նչ անենք, ախպեր, աշխարհի բանն ե, մեկը վերևում, մեկը վարում, մեկը դրսում, մեկը ներսում. համբերիր, համբերիր, տես յես ել եմ համբերում։


Նա խոսում եր ու քայլում յետ ու առաջ վոտքերը տաքացնելու համար, իսկ ձին աչքերով հետևում եր նրան, սպասելով, թե նա ճանապարհ ընկնելու նշան կանի վերջապես։


Դուռը բացվեց. կառապանը բարձրացավ իր տեղը նստեց, բայց դուրս յեկողը նա չեր։ Ծերունին խոր շունչ առավ, հուսախաբված, գլուխը քաշ ձգեց կրծքին, և կրկին անձնատուր յեղավ իր ծանր խոհերին։