Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յերկու քայլից յետ ենք ընկնում, յերբեմն ծնկների վրա գալիս թանձր ավազի մեջ, վորի մեջ թաղված են մեր սրունքները և այսպես անվերջ։ Լեռան վրա այստեղ-այնաեղ, մի քարի վրա, մի թմբի ծայրին յերևում են իտալացիներ. նրանք մեկ-մեկ, յերկու- յերկու նստած կամ ծույլ-ծույլ պառկած, ծխում են անընդհատ։ Ճանապարհորդներին տեսնելով՝ նրանցից միքանի հոգի շտապով յած են սողում ավազի վրայով, հասնում են մեզ և առաջարկում են պարաններ, վորոնցից մենք, պիտի կախվենք, իսկ տերերը մեզ պիտի քաշեն, ու այսպես բարձրանանք։ Ծանր ու անախորժ մի առաջարկություն թե մեզ համար և թե իրանց. ավելի լավ ե սողալով բարձրանալ, քան թե ոգտվել այդպիսի ծառայությունից։ Հրաժարվում ենք և շարունակում դժոխային վերելքը, մերթ ընկնելով, մերթ բարձրանալով թանձր ու հոսող ավազի մեջ:


Յերբեմն-յերբեմն լսվում ե ահագին վորոտ, վորից ամբողջ լեռը թնդում ե, և նրա հետ միասին մեր գլխի վերևը ծխի վոլորտը բարձրանում ե, հա բարձրանում։ Քանի վեր ենք յելնում, այնքան ավելի յեն տաքանում քարերն ու ավազը մեր վոտների տակ: Ճեղքվածներ կան, վորտեղից տաք գոլորշի յե փչում, ձեռք մոտեցնել չի լինում։ Կատարին մոտիկ դգոլորշի շնչող այդ բացվածքներն այնքան շատանում են, վոր լեռը հազար բերանով մի հրեշի նման կարծես նստած՝ հևում ե։


Մի ժամից ավելի յե, վոր քայլում ենք։ Հասնում ենք վերջապես այնտեղ, վորից բարձր, դեպի կրատերը գնալ չի կարելի առանց պետության կարգած և տեղին ծանոթ առաջնորդների, վորոնք՝ թվով մոտ քառասուն, կատարի շուրջը շղթայեն կազմել։ Նրանց ծառայությունից ոգտվելու համար պետք ե վճարել մարդագլուխ չորս ֆրանկ: Կատարում ենք և այդ պահանջը։ Այժմ մեր առջևն ե իսկական կատարը, ծծումբով պատած և գոլորշի շնչող մի հսկայական կոնուս, վոր կարծես արվեստական ձևով ե դրված լեռան մեջքին։ Այստեղ վերելքն ավելի դժվար ե, զառիվայրը համարյա ուղղաձիգ ե պատի պես։ Մեր վարձած առաջնորդները մնում են ներքև, իսկ մեզ ընկերանում ե մի պաշտոնական առաջնորդ դեպի կատարը։ Մարդը հավատացնում ե, թե լավ որ ենք յեկել, վորովհետև հրաբուղխը գործում ե անսովոր ուժով։ Քայլում ենք ծծմբի միջից, խոնավ ու տաք հողի մեջ թաղված մինչև սրունքներս։ Տաք գոլորշու ամպը մեր վոտների ներքև և մեր գլխի վերև այլանդակորեն պտույտներ ե անում, յերբեմն մեզ ի սպառ ծածկում, ծծմբահոտով մեր քթները լցնելով և յերբեմն քամու շնչով ցրիվ ե գալիս, հեռանում։ Վորոտմունքն այստեղ դառնում ե