Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


Ի՞նչ անե ամբոխն, ինչպես հասկանա
քո գողտրիկ տաղերն, յերբ թևեր առած,
դու միշտ ապրում ես ամպերի վրա,
կյանքից անջատված, յեթեր վերացած

Ամբոխը, պոետ, զավակ ե յերկրի,
լուսազուրկ զավակ, քրտնաթոր մշակ,
նա միշտ կարոտ ե կյանքի յերգերի —
յերգիր նրան հաց և արդար վաստակ։

Յերգիր նրան լույս, բարիքներ ուսման,
յեղիր ամբոխին ուսուցիչ ընկեր.
նստիր նրա հետ մի ճաշի սեղան,
շոշափիր մոտից դու - նրա վերքեր...

Ապրիր նրա հետ, նրա տանջանքով,
մի զզվիը նրան ձեռքդ պարզելու.
դու ուժ ներշեչիր նրան քո յերգով,
խավարի կապանքն անվախ փշրելու...

Յեվ տես, ով պոետ, քեզ այն ժամանակ
վորպիսի սիրով կսիրե ամբոխ.
սերն, այո, կհյուսե քեզ դափնյա պսակ,
սերն այդ կկանգնե քեզ հավերժ կոթող


ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ, ԴՈՒ ՄԻ՛ ԶԱՐՄԱՆԱՐ




Սիրելի ընկեր, դու մի զարմանար,
վոր մատաղ կյանքիս յեռուն հասակում
այնքան տխուր ե հնչում իմ քնար,
վիշտ ու թախիծ ես կարդում իմ յերգում...

Ծնված հեգ յերգիչ թշվառ եպոքի —
միշտ մռայլ տեսա յերկինքը գլխիս.
յես շատ վաղ ուսա տանջանքը կյանքի,
վաղ մտերմացավ վշտի հետ հոգիս։

Անմեղ հասակից, որորոցիս մոտ,
ուր պետք ե ականջս մեղմ որոր շոյեր,
ուր պետք ե ժպտար կյանքի առավոտ,—
յես տեսա միայն սև ու մութ որեր...

Ո՛, անգին ընկեր, դու մի զարմանա,
վոր ինձ չես տեսնում ուրախ, խնդալիս,
արյուն—արցունքով ներկված իմ քնար
մարդկան վշտին ե արձագանգ տալիս...