Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Այդ ասելովդ մենք ովքե՞ր ենք։


— Դու յեպիսկոպոսն ես, վոր ձեռնադրել ես տեր Մակուչին, իսկ հարևանդ՝ ժողովուրդը, վոր իրեն հանձնել ե նրա ձեռքը։


—Եդ խոմ ինձանից եք խոսում.—իր անունը լսելուն պես, մեջ մտավ քահանան,—դե հայեվար խոսեցեք, յես ել հասկանամ։


— Այո, տեր հայր, քեզանից ենք խոսում, պատասխանեց Պետրոսը:

— Բա ի՞նչ եք խոսում։


— Ասում ենք վայ են ժողովրդին, վորի քահանան տեր Մակուչն ե։


—Խի՞ յեք ըդենց ասում, վորդի, — հարցրեց քահանան այնպիսի մի ճնշված ձայնով, վոր յես խղճահարվեցա։


— Վորովհետև դու տգետ ես,—պատասխանեց Պետրոսը կոշտ սառնասրտությամբ։


—Այդ արդեն չափազանց ե, պարոն,—նկատեցի կամացուկ և միևնույն ժամանակ վրդովվելով։


— Ընդհակառակը դեռ քիչ ե, — հարեց Պետրոսը և ապա դառնալով քահանային՝ հարցրեց. Դու նեղանո՞մ ես, վոր յես տգետ եմ ասում քեզ։


— Խի՞ յեմ նեղանում, վորդի, ջահել ես, ասում ես. վոր ահիլ (հասակավոր)լինիս կմտածես, թե ես մարդն ի՞նչ մեղավոր ա, վոր աստոծ սրան անասուն ա ստեղծել։


-Իեչո՞ւ. աստված վո՞րին ե ուսումով ստեղծել:


— Վո՞նց թե վորին. ա՛յ, մինը հենց քեզ, մինն ել քո ընկերին. հրեն քաղաքն ել լիքն ա ձեզ նմաններով։


— Մենք ել քեզ պես անուսում ենք ծնվել, բայց հետո մեծանալով, աշխատել ենք, չարչարվել և ուսում առել։


— Խի՞ յես ըդենց ասում, Պետրե ջան, — մեջ մտավ մեր հյուրնկալը.— թե վոր քու հերը, Ակոբ աղան չուներ, դու վոնց կարիր հուսում առնիլ։


— Այ, քու հորն ողորմի, ա Մուք, մի ըտենց խոսա ե, տեսնում ես քու դերին նեղն են լծել, — քաջալերեց քահանան գյուղացուն և ինքն ել, կարծես սիրտ առնելով՝ դարձավ Պետրոսին.


— Հը, ըստուր պատասխան ունես, դե, տուր։


— Ի՞նչ պատասխան պիտի ունենամ։ Իմ հայրը, իհարկե, վճարել ե իմ ուսման վարձը, բայց յես ել հո աշխատել ու չարչարվել եմ, որերս պարապ չե՞մ անցրել։


— Դե լավ, հմի լսիր։ Քո հերը փող ա ունեցել, քեզ կարդացրել ա. բա իմ հերը վոր փող չուներ, վորդիան կարդացներ։ Ինքը մի խեղճ նախրապան ա յել. քարով, կարկուտով (մեծ դժվարու—