ԱՌԱՔՅԱԼԸ
Հատվածներ.
ԴԵՊԻ ԳՅՈԻՂ.
Ոդը մեղմ եր և տաքուկ, յերկինքը պարզ և աստղազարդ։ Տների
ներսը չեր գրավում մարդկանց. ուստի ժողովուրդը լցված եր
դուրսը և զբոսնում եր սալած մայթերի վրա կամ նոր կանաչող
ծառուղիներում։ Շառագույն լուսինը, վոր նոր եր բարձրանում
մթնացող հորիզոնում, խոստանում եր գեղեցիկ, լուսնկա գիշեր։
Այդ պատճառով փողոցներում աջ ու ձախ սլացող կառքերի թվին
հետզհետե ավելանում եյին և այն դեսպակները, վորոնք իրենց մեջ
խնամքով ծածկում եյին հեռավոր զբոսարանների խորհրդավոր հաճախորդներին։
Այդպիսով դրսի աղմուկը գնալով սաստկանում եր և
կենդանությունը տիրում ամեն տեղ։
Միայն ծերուկ փիլիսոփան կամ գեղեցկուհուց մերժված սիրահարը
կարող եյին այդպիսի ախորժելի յերեկոյին փակվել տան
խորշերում և մտածել մինը՝ աշխարհի ունայնության և մյուսը՝ իր
վշտի ծանրության վրա։ Բայց կյանքի արժեքը մեծարել գիտցող
մարդը, մանավադ յեթե դա յերիտասարդ եր կամ յերիտասարդուհի,
չեր կարող այդպիսի գրավիչ ժամերին չգտնվել զբոսնողների ընդհանուր
ժխորի մեջ։
Սակայն արի տես, վոր հենց այդպիսի մի ժամանակ ներքին
հարկի մի ցածուն, բայց և ընդարձակ սենյակի մեջ ժողված եյին
մի խումբ աշխույժ յերիտասարդներ, վորոնք չեյին մտածում վոչ
նորեկ գարնան, վոչ սիրուն լուսնի և վոչ ճեմելիքներում զբոսնող գեղեցկուհիների
մասին։ Նրանք զբաղված եյին ավելի արժանավոր,
կամ ինչպես իրանք կասեյին՝ «ազնվական» գործով։ Դրանք հայ ուսանողներ
եյին՝ համալսարանի կամ այլ բարձրագույն դպրոցների
վերջին կուրսերից, վորոնք հաճախ ժողովվում եյին այդտեղ միմյանց
հետ տեսնվելու, մտերմապես զրուցելու, մայրենի լեզվով կարդալու
կամ հեռավոր հայրենիքից ստացված նորություններ միմյանց
հաղորդելու, յերբեմն ել իրենց ցավերի մասին միմյանցից կարծիք
կամ խորհուրդ հարցնելու։
Այդ քաղաքում կային և ուրիշ հայ ուսանողներ, վորոնք իրենց
ազատ ժամանակը տնորինում եյին այլ կերպ։ Վոմանք սիրում եյին
չափել փողոցները աշխարհի չարն ու բարին այդ տեղերում միայն
ուսումնասիրելու նպատակով. վոմանք զբաղվում եյին սովորական
թղթախաղով՝ ժամանակի ձանձրույթը մեղմելու համար. ուրիշներն
այցելում եյին հարուստ ընտանիքներին՝ նրանց տիրուհիներին զբա-