Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ԱՌԱՔՅԱԼԸ»

Բովանդակություն.


Յեթե «Նոլի ագռավ»—ի հերոսը խուսափում ե գյուղ գնալուց, ավելորդ ե համարում նույնիսկ, նրա յերեսը տեսնելու, ապա «Առաքյալի» նույնանուն հերոսը, մի նորավարտ ուսանող բուրժուական խավից, վճռում ե թողնել քաղաքի հարմարություններով լի կյանքը, անջատվել իր սիրած Ադելինայից ու գնալ հայկական մի գյուղ և նվիրվել գյուղացու «տնտեսական դրության բարվոքման», «լուսավորության» և «իրավունքների պաշտպանության» մեծ գործին։


Առաջին պատահած գյուղը լինում ե Չիբուխլուն, ուր նա կանգ ե առնում: Մի թշվառ, ծայրահեղորեն աղքատ գյուղ, ուր աղքատությունը, հետամնացությունը և կեղտոտությունը կատարյալ ներդաշնակություն եյին կազմում միմյանց հետ։


Յեվ ահա այս պայմաններում քաղաքից յեկած «գաղափարական» յերիտասարդը պիտի գործեր։ Ամեն բանից յերևում ե, վոր նա այլ կերպ ե պատկերացնելիս յեղել գյուղի իրականությունը։ Յերևի գյուղի վրա նայել ե իբրև ամառանոցի։ Յեվ յերբ տեսնում ե նրա անհրապույր պատկերը, աթարի կույտերը, խղճուկ, կիսախարխուլ հյուղերը, մերկ ու թշվառ և մանավանդ խավար գյուղացիներին, նա միանգամից հիասթափվում ե ու միքանի որ մնալով գյուղական խրճթի անհարմար, անհանգիստ պայմաններում, կապում ե իր պայուսակը ու ճամպա ընկնում դեպի Թիֆլիս, այնտեղից ել Բորժոմ՝ ամառանոցում հովանալու:


Սրանով վերջանում ե «Առաքյալի» առաքելությունը։


Դարձյալ արժեքավորն այս պատմվածքի վոչ այնքան «Առաքյալի» ճանապարհորդությունն ե, այլ այն խտացած գյուղական պատկերները, վորոնք այնպիսի վարպետությամբ վերարտադրված են Մուրացանի տաղանդավոր պատմվածքի մեջ:


Մուրացանն իսկապես ծաղրում ե իր հերոսին, նրա եժանագին գաղափարականությունը: Բայց կփրկվե՞ր գյուղը, կփրկվեր նրա տնտեսական վիճակը, յեթե «Առաքյալի» փոխարեն գնար մի իսկական իդեալիստ, պատրաստ զոհաբերելու իր անձը: Իհարկե, վոչ:


Գյուղասեր Մուրացանը այս անգամ ել միամիտ մոտեցում ե ունեցել գյուղի տնտեսական—սոցիալական վերածնունդի հարցին, հավատացած լինելով, վոր գյուղում ստեղծված կարգերը հնարավոր ե վերացնել գաղափարական անհատի ջանքերով:


Հին գյուղ և հին մտայնություն՝ ազգային դեմոկրատ վիպասանի,— ահա ինչ ե արտացոլված Մուրացանի այս լավագույն գեղարվեստական արտադրության մեջ: