Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և այնպես, փաստը իր առաջն եր։ Նա տեսնում եր մի կին, առողջ կազմվածքով, գործելու կարող, ընտանիքին պիտանի և, սակայն, զրկված աստուծո տված մեծագույն բարիքից — խոսելու ազատությունից, և այդպիսի մի անհեթեթության իրավունքը պաշտպանում եր գյուղի գրագետ մարդը։


Յերիտասարդը դեռ զբաղված եր այս մտածությամբ, յերբ վերջինս շնորհակալություն անելով նրան իրեն արած բարության համար, առավ իր աղքատիիկ կապոցը և հեռացավ, խոստանալով դարձյալ գալ «աղայի» կոչին, յերբ սա կհրամայե։


Մի փոքր հետո ներկայացավ կառապան Ովանեսը և խնդրեց նրան արձակել իրեն։


— Ի՞նչ, դու վերադառնում ես, — հարցրեր Պետրոսը։


— Հրամել ես, աղա։


— Մեղք չե՞ն ձիերդ, ինչո՞ւ չես հանգստացնում։


— Հրես գնամ Սիմոնովկումը կորմ կտամ, ընտեղ ել կհանգստացնեմ։


— Ինչո՞ւ այստեղ չես տալիս։


— Ըստեղ դժվար ա։


— Ինչու յե դժվար։


— Ապուռ (կեր) չկա. ելածն ել թանգ ա։


— Իսկ այնտեշ աժա՞ն ե։


— Աժան ա, բա։


— Ինչու յե այդպես։


— Ընդուր վոր եստեղ հայեր են ապրում, ընտեղ՝ մալականներ։


— Այդ ինչ ե նշանակում։


— Եդ են ա նշանակում, վոր հայերը աջիզ (տկար) մարդիկ են, ենքան են կարում վար ու ցան անել, վոր մենակ իրանց ա հերիք գալի։ Նրանցից մինը թե վոր եսոր մի կոդ (չափ) գարի ծախի, եգուց պիտի փող տա մալականիցն առնի։ Ամա դե մալականը դհե չի. նա համ փող ունի, համ ղոչաղ ա, համ ել բանի ղայդան (յեղանակը) գիտում ա։ Վարն ել ա շատ անում, խոտն ել ա շատ հարում, նենց (այնպես) վոր, իրան ել ա հերիք գալի, ուրիշին ել։


Կամսարյանի գաղափարը հայ գյուղացու արժանիքների մասին արդեն փոխված եր, կառապանի բացատրություններն ել պակասը լրացրին։ Ուրիշ անգամ, գուցե, նա ուշադրություն չդարձներ այդպիսի խոսքերի վրա, բայց այս անգամ, նույնիսկ, լուրջ մտածությանց առարկա դարձրեց նրանց։ — «Իրավ, յեթե մի գյուղ՝