Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանձն առնել. այս մարդկանցն ել վկա գրել ու քեզ քաշ տալ դատարան, իսկ այնտեղից ուղղակի ղրկել եշի դրախտը. հասկանում ես։


Այս խոսքերն ասվեցան այնպիսի մի խիստ յեղանակով, վոր Խոջան յերկյուղից քաջությունը կորցրեց։


— Ախպեր, ախար դու լավ մարդ ես երևում, ի՞նչ ունես ղալմաղալում. ինձանից դու հո առնելիք տալիք չունիս. ես մարդը փող ա պարտ, իմ փողն ուզում եմ, դու խի՞ յես մեջ ընկնում։


— Չե, պիտի ասես, քանի տոկոս ես հաշվել։


— Մանեթին մի շահի, — ասաց Խոջոն, տեսնելսվ վոր «ատվակատ»-ից պրծում չկա։


— Րուբլուն 5 կոպեկ, — զարմացավ Կամսարյանը։


— Հա։


— Ինենց ա. մանեթին մի շահի յենք խոսե, — հաստատեց Սային։


— Տեսնում ես, հենց գիտաս սուտ եմ ասում, — նկատեց Խոջան։


— Սպասիր, սպասիր։ Դու րուբլուն 5 կոպեկ ես ասում, դե յես 10 կոպեկ կհաշվեմ. տեսնենք վորքան ե լինում։


Այս ասելով Կամսարյանը հանեց հուշատետրը և նրա մի ազատ յերեսի վրա սկսավ մատիտով հաշվել.


— Յեթե, մինչև անգամ, հարյուրին 12 տոկոս հաշվենք, բոլոր գումարը կլինի 31 րուբլի ե միքանի կոպեկ։ Հապա մնացած հարյուրը վորտեղից ես դուրս բերել։


Պարտապան Սային, վոր սկզբում մեծ հավատ ուներ յերիտասարդի հմտության վրա և հույս եր տածում, թե նա մի բանով կթեթևացնե իր ծանր դրությունը, տեսնելով այժմ, վոր նա տոկոսը չափազանց շատ պակսեցրեց, յեկավ այն յեզրակացության, թե այդ տղան ուրեմն բան չե հասկանում, ուստի սկսավ վհատվել։ Նույն կարծիքին եյին և ուստա Պետին ու տանուտերը։


Հենց այդ պատճառով ել Խոջան, կարծես, վոգի առավ.


— Եդ դու վոնց ես հաշվում, վոր իմ առնելիքը ջուր ես կըտրացնում... Հաշիվ անելը վոր մանում չես, խի՞ յես բանի մեջը խառնվում, — նկատեց նա մեծ սրտով։


— Ի՞նչպես չեմ իմանում։ Դու չե՞ս ասում, թե մանեթին 5 կոպեկ։


— Հա:


— Դե յես 10, 12 յեմ հաշվում և այդպես ե դուրս գալիս։ Ուրիշ կերպ լինել չե կարող։


— Վո՞նց չի կարող. դե հմի յես հաշվեմ, դու մտիկ արա։