Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՈՒՇ

(ՊՈԵՄ)

Նախերգանք

(Համբարձման գիշերը)


* * *


Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին` թըռչելով`
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:

-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:

Օխտն աղբյուրից ջուր ե առել
Կույս սափորով , լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել`
Բարի ժըպտան իր սերին...

Ափսո՜ս, Անու՜շ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս եդ ծով աչքերին...

Ու նըրանց հետ` ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր`
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին են գիշեր:
-Վուշ-վու՜շ, Անու՜շ, վուշ-վու՜շ, քուրի՜կ,
Վու՜շ քու սերին, քու յարին...
Վուշ-վու՜շ, Սարո՜, վուշ-վու՜շ, իգի՜թ,
Վու՜շ քու սիրած սարերին...

-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ...
Երգում եին ողջ գիշեր:

Կանչում եին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի`
Անտես, անհետ չըքացան:

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,