Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մյուս գյուղագիրները, վորոնք նույնպես 90—ական կամ 900—ական թվականներին են սկսել գրել, մինչև այժմ ել կենդանի յեն։ Նոր գործեր խորհրդայնացումից հետո և վոչ մեկը նրանցից տակավին չե արտադրել:


Դրանք են. —


ՆԻԿՈԼԱՅ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. գանձակեցի, նախկին դատավոր, այժմ խորհրդային ծառայող, վոր գրել ե «Հազարից մեկը» գյուղավեպը և «Վիշապ» աջող պատմվածքը պղնձահանքի բանվորների կյանքից։ Կարելի յե ասել, վոր նման իրականությունից վոչ մի հայ հեղինակ այդպիսի գործ չե արտադրել (քաղաքի գործարանը մենք ի նկատի չունենք): Նիկ. Մամիկոնյանը նաև առակախոս ե, առակների միքանիսը միայն լույս են տեսել «Գրական գոհարներ»ի առաջին հատորում։ Վարպետորեն տիրապետում ե ժողովրդական լեզվին, բայց յերբեմն գործածում ե գրականության մեջ շատ սակավ պատահող բառեր։


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ. ծնվել ե 1864 թվին Ղազախի Խաչաթառակ գյուղում։ Նախկին քահանա յե։ Հայտնի դարձավ իր «Մոռացված աշխարհ»—ի յերեք գրքույկներով, վորոնք ամփոփում են մի շարք պատկերներ գյուղական կլանքից, կիսով չափ գավառաբարբառով գրած։ Ապա «Շիրինանց Նաշխունը» գյուղավեպը և վերջերս յերկրորդ տպագրությամբ Պետհրատի լույս ընծայած «Չատոյի բախտի անիվը»։ Ճուղուրյանը նույն յերևույթներն ու տիպերն ե նկարագրում, ինչ նախորդ գյուղագիրները: Նրա գրվածքների ամեն մի եջից զայրույթ ե արտահայտվում գյուղական բռունցքների, ցարական պաշտոնյաների, նրանց հարստահարությունների դեմ: Լեզուն անհարթ ե, նկարագրությունները ձգձգված:


ԱՐՇԱԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ունէ առանձին գրքով լույս ընծայած պատմվածքների մի ժողովածու «Խավար աշխարհում» վերնագրով։ Շոշափում ե միևնույն խնդիրները, ինչ իր նախորդ և ժամանակակից գյուղագիրներն են շոշափել: Նրա աջող պատմվածքներն են «Ջոմարդը», «Կարմիր ճիպոտը», «Մացակի լոշը» և այլն:


ՍՏ. ՏԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ լույս ե ընծայել առանձին գրքով պատմվածքների փոքրիկ ժողովածու: Նյութը դարձյալ գյուղական կյանքն ե: Հերոսները նույն զորբաներն են, հարստահարիչները, տգետ ու բռի քլոխվաները, նախապաշարված խավարամիտ ծնողները, տերտերները, գրբացները և այլն:


ՀՈՎՀ. ՄԱԼԽԱՍՅԱՆ գրել ե պատկերներ Ջավախքի կյանքից և «Հորոտ—Մորոտ» ընդհանուր վերնագրի տակ առանձին գրքով լույս ընծայել: Ունի նաև ուրիշ գրվածքներ, պիես։