Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համարձակ, ամանչի ժպիտը շրթունքներին՝ մոտեցավ Անուշին ու մի կարմրաթուշիկ խնձոր,մեջը մի արծաթի ջուխտանոց ու մի մատանի ցցած՝ կոխեց Անուշի բուռը։ Անուշը կռացավ, նրա ձեռքը համբուրեց, ճակատին դրեց պատկառանքով ու խնձորն ընդունելով շարունակեց ավելի թափով պարել ու խնձորը ձեռքում բարձր բռնած՝ կարծես ճլվիստ եր տալիս մեկելներին։


Վահանը խանդաղատած դիտում եր իր սիրելիի ճմճմատիլը ու կեռումեռ անելը։ Նրա ընկերները կճմթում եյին նրան կատակով ու փսփսում. մեր լաճ, հասել ե... ի՜նչ ապրանք...


Վահանը ցնծում եր ու ներքին բավականությունից ուրախ ժպտալով ընչացքը վոլորում։


Յերկար չտևեց խեղճ Վահանի հոգեզմայլությունը ու զվարթ տրամադրությունը։ Ելի այն Ավագը, գյուղացոց համար ատելի տանուտերի լիրբ վորդին,վոր ավելի սրտապնդելու համար նորից միքանի բաժակ գինի յեր գցել հակառակի նման բացաստանը մտավ, մի մանեթ զուռնաչու ճակատին կպցրեց, մինն ել գամքաշի, ու մի կարմիր խնձոր, մեջը արծաթ փողեր ցցած՝ մոտեցրեց Անուշին հռհռալով։ Անուշը սրտնեղած հրեց Ավագի կարկառած ձեռքը ու կրնգադարձ շուռ յեկավ վոր հեռանա, բայց Ավագը բռնեց նրա յերկար-յերկար ծամերից ու հետ ձգեց նրան։ Անուշը ձեռքերը մեկնած, հառաջ նետվելու դիրքով,գլուխ հետ ընկած, մի ճիչ արձակեց: Վահանը վեր թռավ արյունը գլուխը տված ու մի թեթև հարվածով վերջացրեց բանը. մազապուրծ Անուշը ընկավ աղջկերանց արանքը, մազերն ու թաշկենը դրստելով, Ավագն ել բերանքսիվայր վայր ընկավ ու լող տվեց կալամիջում հափսիթերս ի մեծ ուրախություն հանդիսատեսների։


Ավագը հողաթաթախ յերեսով վերկացավ ու բռունցք արած հարձակվեց Վահանի վրա, չանդուրժելի հիշոցներ , աղցիփեղց ու լկտի խոսքեր շպրտոտելով Անուշի հասցեյին։


Վահանը ավելի խոցված՝ մի ապտակ իջեցրեց Ավագի բերանին, ու նա վայր ընկավ հորսայս ու արյունը փրթաց նրա քթածակերից։


Ավագը կրկին պարտությունից բոլորովին գրգռված ու բորբոքված, արյունը աչքերը կոխած՝ վայր ընկնելն ու վերկենալը մին յեղավ, և դաշույնը դուրս պրծացրած խոյացավ Վահանի վրա նրան տեղն ու տեղը շամփրելու. բայց Վահանը մտքից ել արագ կողքու տվեց, վրա թռավ բռնեց Ավագի դաստակը ու այնպես սեղմեց, վոր նա աղաղակեց , գուճ յեկավ, տեղը պպզեց , ու դաշույնը վայր ընկավ նրա թմբրած ձեռքիցը: