Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—— Գալո, այ Գալո,—լսվեց բակի դռնից Մադոյի զիլ ձայնը։

 -Ի՞նչ կա, Մադո ջան, Ջոմարդս յեկա՞վ, — շտապով հարցրեց

Գալոն։


— Աղեն ասում ե՝ Ջոմարդը հիվանդացել, գերեզմանատան կշտին ճամպի վրա վեր ե ընկել. գնա ձիուդ տիրություն արա,— ասաց Մադոն ու արագ արագ հեուացավ։


Անսպասելի գույժը քիչ մնաց Գալոյին կաթվածահար աներ: Նրա կուռն ու ճուռը թուլացան,աչքերը մթնեցին,սիրտը սևացավ, ու կես րոպեյի չափ նա մնաց անշարժ կանգնած. բայց հետո հանկարծ գլուխը բարձրացրեց, աչքերն ու ճակատը շփեց և քամու արագությամբ փայտե սանդուխքներից ցած իջավ:


Գյուղի փողոցները դատարկ եյին: Գալոն կեռիկ-մեռիկ փողոցներով վազում եր դեպի գերեզմանատուն։ Կոստանդ աղայի տան մոտից անցնելիս նա զզվանքով լսեց վաշխառուի խռպոտ ձայնը, վոր մի առանձին վոգևորությամբ պարսկական «շիքաստի» յեր յեղանակում։


Յերկու րոպեյից հետո Գալոն գերեզմանատան լանջով բարձրանում եր դեպի վերև. նա աչքերը չռել եր, տեսողությունը լարել և ուշի ուշով իր շուրջը զննելով լուսնյակի աղոտ լուսում մի բան եր վորոնում։ Ահա նա տեսավ հեռվում փոքրիկ մատուռի դեմ ու դեմ մի ինչ-վոր բան կարմրին ե տալիս։ «Ախ, աստված,չլինի թե Ջոմարդս ե»,մտածեց Գալոն ու քայլերը ավելի արագացրեց։ Այ՛ո , դա Ջոմարդն եր,վոր վոտները յերկար մեկնել եր,շլինքը ծռել ու գլուխը մի տափակ քարի վրա դրել: Սպիտակ կրաքարը, վորի վրա ընկած եր ձիու սիրուն գլուխը, ներկվել եր մուգ կարմիր գույնով. կենդանու բերանից բղխած թանձր արյունը կեռիկ֊ մեռիկ առվակներով քարի վրայից իջել եր դեպի ցած ապա ճանապարհի մեջտեղում լճանալով, լերդացել:


— Ջոմարդ ջան,ախպե՜ր ջան,—գոռաց Գալոն դեռ ձիու մոտ չհասած:


Ձին տիրոջ ձայնը իսկույն ճանաչեց, նա իր կիսախուփ աչքերը լայն բացեց, շլինքը շարժեց, գլուխը մի փոքր բարձրացրեց ու վոտքերը թափահարեց. նա ուզեց վոտի կանգնել բայց ուժ չկար... նրա շլինքը թուլացավ, և ծանրացած գլուխը զրխկալով նորից սպիտակ կրաքարի վրա ընկավ: Ձին խորը տնքաց ու աչքերը խփեց։ Գալոն ընկավ ձիու վրա և ամուր գրկեց նրա արյունաթաթախ գլուխը։


— Ախ, Ջոմարդ ջան, ինչո՞ւ դոյ իմ մեջքը կոտրեցիր, իմ յերեխաների շլինքը թեքեցիր,— մրմնջում եր Գալոն և արտասուքի խոշոր կաթիլները թրջում եյին խեղճ կենդանու ճակատը։