Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/676

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտասուքի խոշոր կաթիլները։ Յերբ աղայի ձեռը հոգնեց, նա նորից նստեց ձիու վրա ու քշեց: Ջոմարդը մեծ դժվարությամբ բարձրացավ դարի գլուխը, այստեղ յերկրորդ անգամ ծանր տնքաց ու ելի կանգ առավ: Կոստանդ աղան զայրութից փրփրեց և այս անգամ առանց ձիուց իջնելու սկսեց իր բոլոր ուժով մտրակի հարվածներ թափել թշվառ կենդանու վոտին ու գլխին,աչք ու ականջին։ Ջոմարդի աչքերից կրակ եր թափվում, նա շլինքը ծռեց, բերանը լայն բացեց, տեղն ու տեղը միքանի անգամ պտույտ գործեց, ճրրաց և հանկարծ անսպասելի արագությամբ սկսեց վազել քարքարոտ ճանապարհով դարի զլխից ցած. նա սլանում եր բոլոր թափով՝ առանց առջևը տեսնելու, նա հասկանում եր, վոր նստողը պահանջում ե վազել, և իր ուժերի վերջին մնացորդները գործ եր դնում, վորպեսզի նրա կամքը կատարե ու դժոխային հարվածներից խուսափե։


Ահա և գյուղի ճրագները, ահա Կոստանդ աղայի կարմիր պատշգամբը. ահա և գերեզմանատունը, վորի մոտից անցնելիս՝ աղան մի տեսակ ճնշող յերկյուղ զգաց, ու նրա մարմինը ամբողջապես փշաքաղվեց ։Կոստանդ աղան անընդհատ ասպանդակում եր, ձիուն և մտրակը ոդի մեջ ճոճեցնում, իսկ Ջոմարդը վազում եր,վազում բոլոր ուժով և արդեն իջնում եր գյուղի վրա, յերբ հանկարծ մի սոսկալի դրմփոց լսվեց, վորին հաջորդեց հուսահատ «ամմանը»։ Ջոմարդը փռված եր յերեսի վրա... Անմեղ անասունը բոլորովին սպառելով իր վերջին ուժերը, հանկարծ գերեզմանների կողքին չոքերի վրա վայր ընկավ, ու նրա գլուխը սաստիկ զարնվեց ճանապարհի սուր քարերին։Խեղճ կենդանին մի րոպե շշմած դրության մեջ մնալուց հետո մեկ ել աչքերը լայն բացեց, շլինքը բարձրացրեց և գլուխը գետնին սյուն տալով՝ իրան թափահարեց, փորձեց նորից վոտի յելնել, բայց չկարողացավ։ Նա վերջին անգամ ծանր հոգոց քաշեց ու կամաց կողքի վրա պառկեց։ Տաք արյունը գլգլալով հոսում եր խեղճի ջարդոտված քիթ ու բերանից։


Կոստանդ աղան այնքան ճարպիկ գտնվեց, վոր կարողացավ ժամանակին ձիուց ցած թռչել և իր գլուխը վերահաս փորձանքից ազատել:


Այժմ նա անսահման զայրութով լցված՝ կանգնած եր ձիու կողքին և չգիտեր,թե ինչ անե: Նա առաջ փորձեց մտրակի ուժով ձիուն վոտքի կանգնեցնել կամ գոռում֊գոչյունով նրան վախեցնել, բայց յերբ տեսավ թե վորքան քիչ ե ազդում այդ բոլորը Ջոմարդի վրա, կամացուկ արձակեց ձիու թուրքի ծանր խուջքինը գցեց ուսը և ձիու տիրոջ հասցեյին սարսափելի հայհոյանքներ ուղղելով տնքալով դիմեց դեպի տուն: