Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Յեղբայր, ինչու, յեք շատախոսություն անում,— մի առանձին համոզիչ ու հեղինակավոր ձայնով սկսեց որենսգետ սուդյա Սաքոն.— տերությունը հաստատ լինի, ամեն բանի համար մի լավ որենք ա գրել. առանց որենքի վոչ մի գործ յոլա չեր գնալ։ Փառք ասածու, հարկը տալու համար ել կարդ ու կանոն կա դրված. որենքով հարկը պիտի տաս հարկաժողովին ու անդորրագիրն առնես, դնես ծոցդ։ Ով վոր անդորրագիր ունեցավ, յերանալն[1] ել իր յերանալ տեղովը չի կարող նրանից կրկին անգամ հարկ պահանջել. իսկ ով այդ թղթի կտորը չունեցավ, խոսելն ավելորդ ա, տիկ հաներով հարկը կառնեն։


Այդ րոպեյին ամբոխի մեջ մի անսովոր շարժում սկսվեց։ Նրանցից վերը գրպանն եր պտռում, վորը ծոցը, վորը վազմատեղը ու վորն ել փափախածալը, անդորրագրերն եյին վորոնում։


— Հա, խոսքը Տատմոր տղի վրա յեկավ, — շարունակեց սուդյան,— հիմի յեթե այդ մարդն անդորրագիրը ցույց տվեց, կնշանակի հարկը տվել ա, իսկ յեթե վոչ, ուրեմն հոգին դուրս գալով պիտի տա. սա որենք ա, հանաք-մասխարություն չի,— վերջացրեց Սաքոն իր ազդու ճառը. հազաց ու սկսեց մի պապիրոս փաթաթել։


— Լավ ա ասում սուդյա Սաքոն, յեթե հարկդ տվել ես, անդորրագիրը ցույց տուր,— ժպտալով ավելացրեց հարկաժողովը, լավ իմանալով, վոր Սիմոնից հարկը ստացել ե, բայց, ոգտվելով նրա միամտությունից անդորրագիր չի տվել։


— Յես հերվա հարկը չեմ տվել, Հաթո բիձա,— ձեռքերը խաչելով հարցրեց Սիմոնն, ուղիղ հարկաժողովի աչքերին նայելով։


— Վոչ,— պատասխանեց Հաթոն, գլուխը կախելով։


— Դու ու քո աստվածը, դու ու քո միակ վորդու արևը, չե՞մ տվել։


— Այ, իշի գլուխ, ինչու յես յերդում տալիս, յեթե տված լինես, անդորրագիր կունենաս, և վերջապես ցուցակումն ել նշանակված կլինի։


— Հաթո բիձա, դու քրիստոնյա յես. ախր եսորվա պես միտս ե. յերկու խալվար խաղող ծախեցի Բարիլուսենց Վարդանին՝ կիսագին, ու բերի տասնչորս մանեթ քսան կոպեկ քեզ տվի։ Դու յել եդ ժամանակ Վոսկանենց խանութումն եյիր, այ, սուդյա Սաքոն ել ենտեղ եր տալու ժամանակ։ Դու հոգի ունես, դու աստված ես պաշտում ախար։


Եհ, դատարկ բաներ ես խոսում,— ասաց հարկաժողովը ու շարունակեց շրխկշրխկացնել սև տերողորմյայի խոշոր հատերը։

  1. Յերանալ— գեներալ, գործ ե ածվում նահանգապետ բառի մտքով: