Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/689

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՑԱԿԻ ԼՈՇԸ.

(Հատված)


Չրըխկք, չրըխկ, չրըխկ, չրըխկ,— բակի դուռը անսովոր ուժգնությամբ թակեցին։


— Ո՞վ ե, — հարցրեց Շամամը ներսից:


Չրըխկ, չրըխկ, չրըխկ,— կատաղի անհամբերությամբ պատասխանեցին դրսից:


— Բացեք, թե չե կոտրեցի,— վորոտաց մի ահեղ ձայն փողոցից։


Շամամին սարսափը պատեց։ Նա դողդոդալով վոտքի բարձրացավ և ուզեց դուրս գալ, վոր բահի եյությունը իմանա, բայց հենց նոր եր վոտը դուրս դրել, վոր բակի խախուտ դուռը մի սոսկալի հարվածից կանգնած տեղում որորվեց և շեմակալն առնելով շրախկալեն գետին զարկվեց։


Շամամի աչքը կայծակին տվեց... Նրա առաջ կանգնած եյին միկիտանչի Մակարն ու գյուղի տանուտերը։


— Ո՞ւր ե մարդդ,— գոչեց հեռվից տանուտերը, ձեռի կարմիր ճիպոտը հպարտությամբ ճոճելով։


Շամամը նախ բթկալը համեստությամբ վեր քաշեց և ապա դոդդողացող մատի նշանով ցույց տվեց, վոր ամուսինը խրճիթում քնած ե։


Անկոչ հյուրերն արագ-արագ ներս մտան։ Անմեղ յերեխաների պարզ հոգիներն արդեն զգացել եյին, վոր ներս խուժող մարդիկը բարի պտուղ չեն լինի, այդ պատճառով մեծերը թոնրի մոտից փախչելով, անկյունում կուչուրեցին, իսկ փոքրիկը ճչալով լերդապատառ դուրս վազեց ու մոր փեշից կախվելով, լացակումած կակազեց.


— Մայրիկ ձան, յես... յես վախում եմ են փիս... փիս մալթ են, ինձ կի ծեծեն... վախում եմ:


Շամամը վոր դուն խրախուսելով, բռնեց նրա ձեռիցը ու անվստահ քայլերով կամաց մտավ խրճիթը: Մյուս յերեխաներն ել յերկյուղալից դեմքերով վազեցին դեպի մայրը և՝ ուրուր տեսած ձագերի նման՝ մոր փեշերի ծալքերի մեջ պահվեցին։


— Ե՜յ, անասուն, ի՞նչ ես եդպես իշավարի շնթռկել,— գոչեց տանուտեր Ավագը, վոտի ծայրով թեթևակի խփելով քնած Ավոյի կողքին։


Ավոն ցնցվեց. նա քնից վեր թռչելով, տեղում նստեց ու սկսեց իր կոշտացած կոպերը ծուլավարի տրորել։


— Ե՜յ, ավանակ, ուշդ գլուխդ հավաքիր,— հանդիմանեց տանուտերը և ճիպոտի սուր ծայրով նրա ականջին բզեց։