Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/710

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հրապարակի վայրին գտնվող գյուղական դիվանատան պատշգամբի վրա կանգնած եր գյուղական ավագանին այնտեղ եր տանուտերը իր ոգնականով. այնտեղ եյին դատավորներ, իշխանները, գրագիրը. այնտեղ եյին նույնիսկ գյուղի քահանաները,վորոնք ժողովի յեն հրավիրվում արտաքո կարգի դեպքերում. նրանց ներկայությունը ապացույց եր, վոր քննադատվող հարցը չափազանց կարևոր ե ու լուրջ: Պատշգամբի սանդուղքի աստիճանների վրա կանգնած եր գզիրը, մտրակը ձեռքին բռնած. բոլոր ժամանակ նայում եր նա տանուտերին։ Վերջինս ձեռքում մի թուղթ ուներ բռնած. յերբեմնակի նա թուղթը մոտեցնում եր աչքերին, կարդում եր իբր թե, այն ինչ բոլորին հայտնի յեր, վոր նա ամեն բան գիտե, բացի կարդալուց. «այիբբենը» յերազումն անգամ չե ծամած գոնե մի անգամ, ու պաշտոնական վավերացնելիս գրագիրը նրա բերանից գրում ե միշտ՝ «թուղթս զայս յես, քյոխվա֊ ուզբաշի Աղասի Վիրաբովս, վասն պատճառի անգրագետության իմո հաստատեցի փեչատմամբ արքունո կնքո»։ Թղթին նայելուց հետո տանուտերը դառնում եր ջրջապատողներից սրան կամ նրան ու զրուցում նրա հետ, թղթի բովանդակության մասին, իհարկե, յերբեմն միջի մատով, մյուս մատները ծալած, ցույց եր տալիս թղթի այս կամ այն տողը ու տաք-տաք խոսում։


Ծիծաղի նշույլ անգամ վոչ վոքի յերեսին չեր նկատվում. տանուտեր ե, գյուղի մեծը, գլուղի տերն ե. նա ամեն բան կարող ե անել. նրան ամեն բան ներվում ե։


Այդ նշանավոր ժողովի որը նա կարգին կուլ տված[1] եր յերեվում։ Ասենք՝ յե՞րբ չե նա կուլ տալիս. իր խորին համոզմամբ, յեթե նա առանց կուլ տալու գա ժողով, այնքան ահարկու չի լինի ժողովականների համար ,զուրկ կլինի «զահմից», կընկնի տանուտերական պրիստիժը ու նրա հետ իշխանության վարկն առհասարակ։ Այդպիսով տանուտերի կուլ տալը, նրա կոնծաբանությունը, վոչ թե, նրա կարծիքով, լոկ անձնական զվարճություն ե, այլ հասարակական նշանակություն ունեցող գործ։


Ամբոխը գնալով ստվարանում եր. նոր ու նոր ժողովականներ եյին գալիս. աղմուկը ավելի ու ավելի սաստկանում եր։ Վերջապես տանուտերը հրամայեց գզիրին ամբոխին՝ իշխանության հրամանը լսելու համար։


— Տաղ արեք, հրամանը կարդում են,— գոռաց գզիրը իր կոկորդի բոլոր ուժով. նա ստիպված եր միքանի անգամ կրկնել նույնը ու միքանիսին խփել ձեռքի մտրակով։Բոլորն ել լռեցին

  1. Խմած: