Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/720

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ավագիմ, շեն կենաս,—ասաց նրան տանուտեր Աղասին տանից դուրս գալիս, — աստված ոջաղդ ու վորդիքդ պահի: Ես գեղումը յեթե քեզ պես մի հինգ մարդ ըլեր, ինձ ել իսկի դարդ չեր ըլի, իսկի:


— Ատա, դա ինքը մենակ բոլ ա, բոլ յես դրա արևին մատաղ,— ասաց Ծատուրը,— տարին քանի՞ անգամ ենք դրա տանը խմում. իսկի մի անգամի ելա Ավագիմի դուռը մեր առաջին փակ տեսած եք։


— Չե, դրա դուռը միշտ բաց կենա ու դրա սուփրեն ել միշտ փռած,— ասաց Մարութը,— ըհ, Ավագիմ,— դարձավ նա վերջինիս,— գեղի աչքի լիսն ես, գեղի. յեկ մի պռոշտի անեմ քեզ հետ, ա ռաշիդ տղամարդ։


Ավագիմն ու Մարութը գրկախառնվեցին ու համբուրվեցին տաք—տաք։


Ավագիմ, սաստիկ զգացվեց սիրո ու համակրության այդ բուռն արտահայտությունից։


— Ատա, տունը իմը չի, ձերն ա, ձերը, — ասաց նա,— խնդրվում եմ, ամեն որ յեկեք, խմեցեք, քեֆ արեք։ Եսորվա քեֆը հեչ. սա, վոնց ասեմ, ենհենց մի թեթև ներգործություն եր... Լավ քեֆը մնում ա. սպասեցեք մի Մակին գա, տեսեք վոնց ենք քեֆ անում։


Ավագիմը սիրում եր իր խոսակցության մեջ գործ ածել այստեղ. այնտեղ պատահաբար լսած գրական բառեր։ Ունկնդիրների վրա այդ տպավորություն եր գործում։ Մակին գյուղի առաջին հարուստն եր ու Ավագիմի մտերիմ բարեկամը։


— Ատա, Մակիի արևին ել մատաղ, քո արևին ել,— ասաց տանուտեր Աղասին,— ես գեղի պարծանքը, ես գեղի զարդարանքը դուք եք, դուք առանց ձեզ գեղը քանդված լավ ա, քան կացած։


Տանուտերն ել համբուրվեց Ավագիմի հետ:


Մթին եր արդեն, յերբ «առողջապահիկ» հանձնաժողովի անդամները ու նրանց պետը, որորվելով, պատերից բռնելով, ցրվեցին իրանց տները։