Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/721

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՄԱԼԽԱՍՅԱՆ

ԱՆՃԱՐՈՒԹՅՈՒՆ


Թեժ արևը հենց առավոտից մարդու վիզը կճում ու կծում եր: Արևի չորս բոլորքը բակ եր բռնել։ Շոգ ու տոթը քանի գնում անտանելի եյին դառնում։ Խոտերի վոչ մի սվսվոց, հովի ու գեփյուռի վոչ մի շշնջյուն չեր դուրս գալիս։ Գյուղի աղավնիներն շտապով իրենց բներն եյին վերադառնում, ծիծեռնակներն յերամով յերկրի յերեսին ցածրից ճախրում եյին հա ճախրում։ Սագերը գետակից դուրս գալով, միքանի անգամ ղա—ղա—ղա անելով, կասես մի բանից նեղվելով համախումբ առաջ եյին վազում, բերանները բաց անում, կտուցներն իրենց յերկար, վոլորուն վզերի հետ յերկարացնում, պոչերը թափ տալիս։ Ձիերը թմրել, ականջները լոշ-լոշ կախ եյին ձգել և ծուլորեն պոչերն եյին թափ տալիս. վոչ. խարները հոտից դուրս գալով՝ դես ու դեն եյին վազվզում։


Արևի հենց հնոցի առջև քիչ—քիչ առաջ յեկավ մի սև բան թուխ ամպի պատառ. այդ պատառը քանի գնաց մեծացավ ու ուռճացավ, կոլորվեց, մեջտեղը սևին տվեց, իսկ ափերը պսպղացրեց իբրև արծաթի յերիզ. հովը շարժվեց, կասես զովն ընկավ գետին. ատոր հասկերով հասած արտերը ծովի նման նորից սկսեցին ալիք տալ, աջից ձախ որորվիլ նորից մլմլաց կանաչափայլ դալարը...


— Տիրացու Մաթոս...


— Հրամմե։


— Հրամանքդ բարի, եդ ամպը, վոր յերկնքի յերեսին առաջ յեկավ, ինձի ենպես կթվա, թե լավ ամպ չե. մեղա-մեղա, մեծ խոսիլ չըլլի, աստծուն դիմադրություն չըլլի, մենք ով ենք, վոր յերկնքի ու յերկրի յերեսը քննենք, բերաններս հազար անգամ հող ու մոխիր, համա...


— Ի՞նչ համա, Քերոբ ջան։


— Համա լավ ամպ չե. սև ե. կհասկանաս սևն ինչ ե։


— Կհասկանամ, հա,—նորից ձեռքը ճակատին դնելով յերկնքին նայեց տիրացու Մաթոսը։