Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/756

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յես ու պատանին հետևում եյինք Բալասի-ապորը, վոր մի ձեռը չեր հեռացնում դաշույնի դաստակիդ։ Մեր առջևից գնում եր ֆուրգոնը։ Թեթև հողմը շարժում եր ոդի մեջ նրա սպիտակ ծածկոցը: Մերթ ընդ մերթ գեղեցկուհին դուրս եր բերում գլուխը և նայում դեպի յետ։


Այդ միջոցներին Բալասի֊ապերը վոլորում եր իր յերկայն բեղերը և աշխատում եր նիհար կուրծքը կարելույն չափ դուրս գցել:


Իսկ ավազակները չկային։ Կառապանը շարունակ սուլում եր անհոգ։ Նրա հանգստությունը խրախուսում եր ինձ։ Ստեփանը, վոր աշխույժ և վառվռուն պատանի յեր, այծյամի արագությամբ թռչկոտում եր չորացած տատասկների վրայով, մերթ յերգելով մերթ սուլելով։


Ստեպ֊ստեպ Բալասի֊ապերը բարկանում եր նրա վրա և հրամայում կառքիդ չհեռանալ:


Հանկարծ ֆուրգոնը կանգ առավ: Բալասի֊ապերը հրացանը բարձրացրեց, նայեց խրոխտ հայացքով աջ ու ձախ, վոր տեսնի՝ վոր կողմից պիտի հարձակվեն ավազակները։ Վոչ֊վոքի չտեսնելով, նա մոտեցավ կառքին և ասաց գեղեցկուհուն.


— Ոսկի խանում, մի վախիր, յես իստեղ եմ։


Հայտնվեց, վոր կառապանը ֆուրգոնը կանգնեցրել ե ձիերին հանգստություն տալու համար։Բալասի-ապերը հրացանը նորից դրեց ուսին և ձեռքը նորից դրեց դաշույնի դաստակի վրա։


Այդ որը յես բախտ չունեցա ավազակ տեսնելու, և վոչ յերրորդ որը։ Ճանապարհին հանդիպեցինք միքանի ուղտապահների։ Իմ հարցին, թե արդյոք չե՞ն տեսել ավզակներ, նրանք պատասխանեցին ծիծաղով։


Բանից դուրս յեկավ, վոր Բալասի֊ապոր վառ յերևակայությունն եր ստեղծել նրանց:


Չորրորդ որը իրիկնադեմին մենք մոտեցանք Բագվին։ Ահա և ծովը. ահա, վերջապես, Բագուն իր տափակ կտուրներով և նավերի սուր կայմերով։ Յես բաժանվեցի իմ ուղեկիցներից։