Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/795

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց նեղ որին լայն որ ել ե լինում։ Աշխարհի բան ե։


Կիրակի կեսորից հետո նստած եյի Սադայի մոտ, սեղանի ծայրին, գլուխս կռներիս վրա դրած միտք եյի անում։ Շամախեցի քարտաշը, վորի անունը Բախշի յեր, յեկավ ելի հարբած։ Դես-դեն ընկավ, հանաքներ արավ, ծիծաղեց, ծիծաղացրեց, հայհոյեց։ Հետո ինձ տեսավ, յեկավ գլուխս բռնեց, վեր բարձրացրեց։


— Ադա, ղարաբաղցի, ի՞նչ ես սգավոր դառել։


Լացս գալիս եր, չխոսեցի։


— Ադա, քեզ չե՞մ ասում։


Սադայը իմ տեղը խոսեց. ասաց՝ ինչ անի խեղճը, այսքան ժամանակ գործ չի ճարում, մնացել ե ձեռը ծոցում։


— Այ խեղճ ղարաբաղցի ամենքդ ել այդպես եք լինում։ Խեղճեր, խեղճեր... կնկա սիրտ ունիք, ապրել չեք իմանում... Գործ ինձանից ուզիր։— Յեվ Բախշին գլուխս բարձրացրեց, լերեսիս ե նայում:


— Դու մեռնես, Սադայ, Բախշիին չթաղեմ, խոսքս խոսք ե, եգուց այս խեղճին կտանեմ, գործ կտամ:


Վոչ թե միայն յես, Սադայն ել չեր հավատում հարբած մարդու խոսքին։ Իրիկունն ելի յերդում-հավատ արավ, ասաց՝ «Կամպանիայումը» տեղ կա քեզ համար։ Վերջապես հավատացի։


Յերկուշաբթի առավոտը միասին գնացինք։ Մեծ արհեստանոց եր, հարյուրավոր մարդիկ գործում եյին։ Մեծ մեքենան այնպես վորոտում եր, վոր մարդու ուղեղը շարժվում եր։ Ինձ դրին դարբնոցում, մի մեծ մուրճ տվին ձեռս։ Բանս յերկաթ ծեծելն եր։


Որական վարձ նշանակեցին 70 կոպեկ։


Սև—սև, մրոտ մարդիկ, տաք կրակ, սև թոզ, վորոտ։ Սրանք եյին ընկերներս։ Որական մի ժամ հանգիստ ունեյինք, մնացած ժամանակը մուրճով տուր հա, տուր։ Ընկերներիս մեծ մասը ռուսներ եյին. կային մի չորս կամ հինգ հայեր։ Վարպետները հեռու տեղերից եյին յեկած, բոլորը նեմեցներ, և ինչ մեծ փողեր եյին ստանում:


Շաբաթը բոլորեց, վերջացավ, հաշիվներն ստացանք։ Շաբաթ իրիկունը դուրս յեկանք նեղացած, փշրված։ Սև թոզի մեջ շաղախվել եյինք։ Մի ամբողջ շաբաթ մեջքս այնքան քրտնել եր, վոր շապիկս չորացել եր, տախտակ դառել, մազերիս ել ձեռք տալ չեր լինում, գդակս վերցնելիս կամ ծածկելիս սև թոզը մլլում եր: Ձեռքերիս նայեցի. սևացել եյին ածուխի նման, ճաքճաքել։ Իսկ կռներս... դրանց մասին ել մի հարցնեք, կասես արջի բերան եյի ընկել, ցավում եյին գիշերը մինչև լույս։