Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անմոռանալի յե ինձ համար հիշողությանս մեջ տպավորված, մանկությանս որերում կատարված մի դեպք։ Այս մի իրողությունը պատմելով կարող կլինեմ յասավուլների ճիշտ պատկերը նկարագրել հետաքրքիր բանասերին։


Աշունքն եր, Աշտարակու այգիների քաղը վերջանալու վերա յեր, գյուղումը յերևում են միայն կենդ ու կունդ ծերունիք, յերբեմն յերբեմն փողոցն եր ում ձիուն դահ տալով դուրս են գալիս քաղցու կրողներ, վորոնք լեքշերի[1], կամ արջառների անկպրել տկերի մեջ լցրած պճպճան յեռացող քաղցուն՝ բարձած ձիանց շալակին, տուն են բերում կարասների մեջ ամանելու: Շուտ շուտ լեքշի բերանին ցցած փայտը հանել խրելով՝ քաղցուակիրները տկի միջից ոդը դուրս են թողնում, վոր տիկը չպատռվի։ Յես՝ ութ կամ ինն տարեկան մի մանուկ՝ ձմեռվան կախանի համար ժողված պահոնի խաղողը մի փոքրիկ քթոցի մեջ ածած՝ ուսիս դրած՝ բերում եյի տուն փռելու, վոր մի յերկու որից այգեկութը վերջանալուց հետո կախենք. այդ միայն իմ ժողովածն եր, ապա թե վոչ յերկու ձիաբեռն այդպիսի պահոնի խախող վաղուց տանը փռված եր։


Առաջին անգամը վոչինչ գլխի չընկա, յերբ տեսա իմ առջևովս մի քանի մարդիկ այս և այն կողմն եյին փախչում։ Բայց հետո սարսափիս բռնեց, յերբ—աման, աղա, գլխիդ մատաղ՝ կսկծալի խոսքերն ականջս ընկան։


Մեկել ինչ տեսնեմ, մի յասավուլ անողորմաբար ծեծում ե մտրակով մի գյուղացու, վոր պինդ բռնած ունի յուր ձիու սանձիցը և չի տալիս յասավուլին։


— Աման, քո տունը քանդվի, իմ տունը քանդվեց, մղկտալով ծվաց գյուղացին, աչքս դուրս յեկավ։


Մի բաց դուռը կար այդ փողոցումը, յես ինձ այնքան չկորցրի, վոր դողալով ներս ձգեցի բակն և դուռը վրես ծածկեցի, փակը քաշեցի ու դռան ճեղքով դուրս նայեցա։


Արյունը վազելով ցած իջավ գյուղացու յերեսովն և նա գլխիվայր գետնին պարկեց, նույնպես ձիու սանձը պինդ բռնած։


— Թեկուզ քոռանաս ել հոգս չի, թե դու սատկած՝ թե մի շուն՝ ղուլլուղի[2] մարդի համար մին ա, յերկու աքացի յել գլխին իջեցնելով՝ բաց թողեց յասավուլն ընկած մարդուն և հարձակվեց խոտորափողոցից քաղցուն բարձած դուրս յեկող ձիու սանձը պինդ բռնեց։


— Շուտ վեր քցի բեռդ ես պատի տակին, հրամայեց նա ծոր-

  1. Արջառի առանց կպրել տիկ, վորով միայն քաղցու յեն կրում:
  2. Ծառայության միջին: