Էջ:Lusnyak.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԹԱՇԽԱՆԻ ԾՈՎԱՓԸ

Մաքրիգյուլիս ձոնված

Հրվանդանի մը հանգույն
Թառած ծովափին վըրան,
Քարոտ բլրակ մը կար, լերկ
Առջևն առած Մարմարան:

Անուշ զեփյուռը մեղմիկ
Գգեր երեսը ծովին,
Ու մեղմով մը կը զարներ
Ալիքները ծովափին:

Կանաչ սեզերն ու մամուռ
Քարերուն վըրան փթթած,
Կը ծլեին միատեղ
Ծովին ջուրով լվացված:

Շատ իրիկուն ես մինակ
Հոն կ՚երթայի, ու ժամեր
Կանգնած աղվոր ծովակին
Կը հառեի իմ աչքեր:

Երբ, օր մը, ես նորեն
Այն բլրակին վրա գամ,
Ո՞վ արդյոք մեր երկուքեն
Պիտի փոխված հո՜ղ դառնա: