Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատերազմ» հատվածի մեջ, մյուս կողմից բերված են, ըստ ժամանակի հասկացության, իսկական բարեպաշտական տեսարաններ, սրբակյացների մասին հրաշապատումներ, այլև անունով լոկ քրիստոնյա, խաբեբա, ավազակ ու խեղկատակ եպիսկոպոսների մասին պատկերներ, այն էլ չափազանց ուժեղ գծերով, որոնք անդրադարձրել են իրական կյանքը։

Մինչդեռ ներքին կյանքի ուսումնասիրության համար կարելի է ազատ կերպով օգտվել Փավստոսի ընծայած բազմակողմանի հարուստ նյութերից, նույնը կարելի չէ ասել անձերի ու դեպքերի, եղելությունների վերաբերմամբ։ Անտարակույս, այդ երկի մեջ կան շատ պատմական անցքերի նկարագիրներ, բայց այնքան և այնպես, որքան և որպես ամեն մի պատմական երգի ու վեպի մեջ։ Դա մեծ մասամբ պատմություն չէ, այլ բանաստեղծություն, ուստի ստեղծագործությունը մեծ տեղ ունի դրա մեջ. պատմված դիպվածների հիմքը միայն, այն էլ ոչ միշտ, պատմական կարող է լինել։ Հետևաբար կարելի չէ անվերապահորեն օգտվել նրանից, իբրև մի պատմական ստույգ աղբյուրից, ինչ որ պատմական անձերին ու եղելություններին է վերաբերում, ինչպես երբեմն վարվում են վերջերս, երբ Փավստոսի արժեքը մեծացած է։

Տեսնել այս գրքի վերջում գրված Երրորդ հավելվածը՝ «Փ. Բուզանդի Հայոց Պատմության աոաջին ե երկրորդ դպրությունների խնդիրը»։

Այլև Չորրորդ հավելվածը «Պաբսից Պատերազմ վեպի պատմականության խնդիրը»։

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՊ
ՊԱՐՍԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ

1․ «Պարսից պատերազմը»։ Հին հայ ժողովրդական վեպ անվան տակ սովորաբար հայտնի է Մ․ Խորենացու Հայոց Պատմության մեջ եղած Վիպասանությունը հնագույն ժամանակի հերոսների մասին։ Այդ, ինչպես տեսանք, մասամբ առասպելներ են, մասամբ և առասպելախառն վեպ, որի մեջ պատմական հիշողությունները հասնում են մինչև մեր թ․ 2-րդ դարը։

Հայ ժողովուրդն ունեցել է իր ավանդական վեպը և հետագա դարերի մասին ևս։ Դա «Պարսից պատերազմն» է։ Այսպես կոչում ենք մեր երկրորդ հին վեպը, որովհետև դրա մեջ բանաստեղծորեն պատմված է եղել այն մեծ ու երկարատև պատերազմը, որ դարեր շարունակ հայերը մղել են պարսիկների դեմ իրենց անկախության համար։ Այդ վեպի հատվածները մնում են Ագաթանգեղոսի, Փ․ Բուզանդի, Խորենացու և Սեբեոսի պատմությունների մեջ, Ագաթանգեղոսի և Բուզանդի մեջ գտնում ենք մեր այդ վեպի ամբողջությունը, իհարկե ուրվագծով միայն և ոչ անպատճառ այն կարգով, որով պատմվել է ժողովրդի մեջ։ Խորենացին ու Սեբեոսը լրացուցիչ հատվածները կամ պատմվածներ միայն ունեին։

2․ Պատմական դարաշրջանը և պատմականությունը։-Մեր այս վեպն ևս ֆեոդալիզմի բանաստեղծություն է։ Դա ծագել և զարգացել է 3-5-րդ