Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսորիկ», «ապա» և նմանները: Բայց և այնպես այս ամբողջի մեջ կա մի ընդհանուր խնդիր։ Դա ոչ թե վրեժխնդրության պատերազմն է, այլ այս ճյուղի մեջ հայերն արդեն իրենց երկրի պաշտպանության և անկախության վրա են մտածում։ Աչքի է ընկնում իշխանների ապստամբությունն ու դավաճանությունը։ Բայց Մամիկոնյան Վաչեն քաջ կռվում է թշնամիների դեմ և թագավորի հավատարիմ ծառան է։

3. Տիրանի վեպն ինքն առանձին կազմում է մի վիպական ամբողջություն։ Հայր Մարդպետը, հայտնի չէ թե ինչու, կոտորել էր տալիս շատ նախաիարների, մանավանդ Ռշտունի և Արծրունի տոհմերը։ Մեհենդակ Ռշտունու Տաճատ որդուն և Վաչե Արծրունու Շավասպ որդուն, երկուսն ևս սանդյա երեխաներ, բերում են թագավորի աոաջ, որ հրամայում է նրանց սպանել։ Բայց Տիրանի որդի Արշակի դայակները, Արտավազդն և Վասակը, «որք էին զորավարք ամենայն զորացն Հայոց», վրա հասնելով՝ ուժով ազատում են այդ երեխաներին, և թողնելով իրենց սան Արշակին, նրանց առնում գնում են իրենց աշխարհը՝ Տայոց ամուրները, ուր և մեծացնելով նրանց պսակում են իրենց դուստրների հետ «Եվ նստան անդ ամս բազումս ընտանեոք իւվրեանց, և թողին զայլ տուն իւրեանց» այսինքն Տարոն, «և ոչ խառնէին նոքա ի խորհուրդս Հայոց մինչև ի բազում ամս» (Բուզ․ Գ․ 18)։

Այսպես երկպառակություն է ընկնում թագավորի և իր զորավարների միջև։ Շատ գեղեցիկ վիպական դրվագ է Տիրանի և Վարազ Շապուհի հարաբերությունը։ Տիրան թաղավորը մի շատ մեծ ու գեղեցիկ ձի ունի, Փիսակ սենեկապետը, երբ դեսպան է գնում Ատրպատական, այդ ձիու մասին հայտնում է այնտեղ նստող Վարազ Շապուհին։ Սա խնդրում է՝ ձին տան իրեն։ Թագավորը խնայում է և բոլորովին նման մի ուրիշ ձի ճարելով այդ է ուղարկում։ Փիսակն այդ մասին հայտնում է Վարազ Շապուհին և նրան գրգռում է Տիրանի դեմ։ Վարազ Շապուհը թշնամանում է և խաղաղության ժամանակ Հայաստան գալով իբրև բարեկամ, հյուրասիրում է թագավորին, և նրան, որ անպաշտպան էր, սաստիկ հարբած ժամանակ, դավադրությամբ բռնում են, կուրացնում ու գերի են տանում Պարսկաստան։ Այդ տեղի է, ունենում այն պատճառով, որ թագավորի մոտ չէին զորավարները, նախարարներն ու զորքերը։

Եվ ի ժամանակին յայնմիկ,
Այնպէս դիպեցաւ յայնմ ժամանակի,
Զօրավարքն չէին անդ,
Այլ սարտուցեալ էին․
Եվ այլ մեծամեծք նախարարացն,
Եւ աւագ տանուտէրք, ազատանին,
Սոյնպէս և զորքն արքունի,
Յիւրաքանչիւր տունս, յիւրաքանչիւր կայեանս,
Յիւրաքանչիւր դադարս դադարեալ էին։
Եւ ոչ ոք էր՝ որ մնացեալ էր առ թագաւորին,
Եւ ոչ գունդ և այրևձի,
Բայց միայն սակաւ սպասաւորօք հանդերձ,
181